ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն

  

   ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի պատվիրակությունն  եռօրյա  աշխատանքային այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված էին  աշխատակազմի ղեկավար՝ Էլինա Հայրապետյանը, բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ՝ Ֆելիքս Դալլաքյանը, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետ՝ Աշոտ Հարությունյանը, ընդերքօգտագործման և օգտակար հանածոների պաշարների բաժնի պետ՝ Վահրամ Հայրապետյանը, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժնի պետ՝ Գոհար Գրիգորյանը, բնական ռեսուրսների կառավարման և բնապահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ՝ Ինգա Գասպարյանը:

Այցը կազմակերպվել էր 2015թ. օգոստոսին  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ժամանակ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներում:

Այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունեց  ՀՀ բնապահպանության նախարարը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտեց, որ նման այցերը կնպաստեն երկու գերատեսչությունների համագործակցությանը և կբարձրացնեն բնապահպանության ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այնուհետև քննարկվեցին  այցի օրակարգին և աշխատակարգին վերաբերող հարցեր, որից հետո պատվիրակության անդամներն առանձին խմբերով աշխատանքային քննարկումներ ունեցան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման հարցերով հանդիպումներ տեղի  ունեցան ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի և մասնագետների հետ. քննարկվեցին ՀՀ-ում և ԼՂՀ-ում այս ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ներկայացվեցին  ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման ասպարեզում  առկա ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաև կատարվելիք աշխատանքները:

Ընդերքի օգտագործման և պահպանության հարցերի վերաբերյալ կազմակերպվեցին հանդիպումներ  ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետի, վարչության համապատասխան մասնագետների հետ: Քննարկվեցին  հանքարդյունահանման կայուն շահագործման քաղաքականության, ընդերքաբանական փորձաքննության բնագավառում իրականացվող գործառույթների ,այդ թվում անկախ փորձագետների ներգրավման, հողերի ռեկուլտիվացիայի,հանքավայրերի փակման ծրագրերի, քարտեզագրական աշխատանքների վերաբերյալ հարցեր: Վարչության աշխատակիցները  պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու ընդերքօգտագործման բնագավառում ծրագրերի ընդերքաբանական և բնապահպանական փորձաքննությունների անցկացման  հարցում:

Այնուհետև հանդիպում կազմակերպվեց  վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության ու մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժինների պետերի և աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան համապատասխան փաստաթղթերին, ստացան փաստաթղթային նմուշներ և  անհրաժեշտ տեղեկատվական նյութեր:          Այնուհետև կազմակերպվեց  այցելություն ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության
մոնիտորինգի կենտրոն›› ՊՈԱԿ:

Կազմակերպվեց հանդիպում Հայ-ամերիկյան համալսարանի դասախոս Կարեն Աղաբաբյանի հետ:Վերջինս պատրաստակամություն հայտնեց այցելել Արցախ և աջակցել թռչունների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը:


Պատվիրակությունը ցանկություն հայտնեց ծանոթանալ նաև միջազգային բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ՀՀ-ում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին: Այս նպատակով կազմակերպվեց հանդիպում բնապահպանական կոնվենցիաների Հայաստանի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի  հետ, որի ժամանակ տրամադրվեց համապարփակ տեղեկատվություն միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեց ԼՂՀ-ի` միջազգային մի շարք բնապահպանական կառույցներին ինտեգրվելու և այդ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող ծրագրերում ընդգրկվելու հեռանկարները: