ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ԼՂՀ-ում բազում միջոցառումներ են իրականացվում՝ ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Այդ միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի ծառատունկը: ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը "Զեփյուռ" հասարակական կազմակերպության հետ համատեղ ապրիլի 18-ին կազմակերպեց շաբաթօրյակ-ծառատունկ Շոշկավանքի և վարչությանը հատկացված շենքի հարակից տարածքում: Ծառատունկին մասնակցում էին՝ վարչության ողջ անձնակազմը, "Զեփյուռ" հասարակական կազմակերպության 9 անդամ:

Ծառատունկին աջակցեցին նաև Խաչմաչ համայնքի աշխատակիցները: Ծառատունկի մասնակիցները,մաքրման աշխատանքներից հետո , մոտ 60 տնկիներ հանձնեցին մայր հողին: Չորացած ծառերը փոխարինվեցին դալար տնկիներով: Շոշկավանքի տարածքը հերթական անգամ համալրվեց նոր ծառատեսակներով/խնձորենի,ընկուզենի,եղևնի,լորենի/:  Կարևորելով ծառատունկից հետո տնկիների հետագա խնամքը, Խաչմաչ համայնքի դպրոցի տնօրենը պարտավորվեց իրականացնել հսկողություն: "Զեփյուռ" ԲՀԿ նախագահ Արամ Մայիլյանի պարզաբանմամբ Շոշկավանքի տարածքը պատահական չի ընտրված: Այն մեր սրբավայրերից է ,-նշեց նա,-և անհրաժեշտ է սերունդներին փոխանցել խնամված և անտառապատված հուշատեղի: Ծառատունկի մասնակիցներն ևս եկան այն եզրահանգման,որ խորհրդանշական բնույթի այս միջոցառման նպատակն է՝ բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն անտառածածկ տարածքների ոչնչացման խնդրի վերաբերյալ և նպաստել հասարակության անմիջական մասնակցության ապահովմանն անտառվերականգնման և կանաչապատման գործընթացներին:

Վերջում վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը նշեց, որ ծառատունկի խորհուրդը հենց կյանքն է,կյանքի արժևորումն ու միասնությունը: Մենք,-հավելեց պետը,-պետք է արժևորենք մեր մի թիզ հողը, քանի որ առանց ծառ ու ծաղկի,առանց բուսական աշխարհի հողն ոչ մի արժեք չունի: