ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկեց հերթական բնապահպանական ծրագիրը

 Ս.թ. սեպտեմբերի 26-ին մեկնարկեց <<Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն>>,

<<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>>հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աջակցությամբ  կազմակերպած <<Ճանաչենք Հայաստանի և Արցախի բնաշխարհը>> խորագրով գիտակրթական-բնապահպանական սեմինարը: Մասնակիցներին ողջունեց և  սեմինարների նպատակներն ու ակնկալիքները ներկայացրեց <<Արցախի  երիտասարդության զարգացման կենտրոն>>> հասարակական կազմակերպության նախագահ  Սուսաննա Պետրոսյանը: Նա նշեց, որ ծրագիրը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի և Արցախի կենսաբազմազանությունը, հետազոտման մեթոդները, ինչպես նաև խթանել  համագործակցությունը  երիտասարդ գիտնականների և ուսանողների միջև:

Այնուհետև <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության նախագահ, Բեռլինի  Ազատ համալսարանի ասպիրանտ Արսեն Գասպարյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու մինչև օրս իրականացրած ծրագրերը: ԼՂՀ  ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արթուր Գաբրիելյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց  նման ձևաչափով   հանդիպումները,որոնք միտված են խթանելու  կենսաբազմազանության պահպանությունը տարբեր մակարդակներում և հույս հայտնեց ,որ նման  միջոցառումները  շարունակական բնույթ կկրեն:

Առաջին զեկուցողը, ով ներկայացրեց <<Հայաստանի անտառների կենսաբազմազանությունը>> թեման, <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության կենսաբազմազանության և հետազոտման  խմբի անդամ Հասմիկ Տեր-Ոսկանյանն էր: Նա համակարգչային տեսապատկերների միջոցով ներկայացրեց հայոց բնաշխարհի անտառների վերաբերյալ թվային տվյալներ և հազվագյուտ ծառատեսակների լուսանկարներ:     Զեկույցի առանցքում ընկած էր անտառների արդի վիճակն ու բարելավման ուղիները:

<<Հայաստանի և Արցախի քարաքոսերի բազմազանությունը>> թեմայով դասախոսեց <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության  նախագահ Արսեն Գասպարյանը: Նա հետաքրքիր տեղեկություններ  տվեց քարաքոսերի բազմազանության, էկոհամակարգում դրանց դերի  մասին:

Այնուհետև ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող, <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության փոխնախագահ Սարգիս Աղայանը  ներկայացրեց <<Հայաստանի թռչունները, ուսումնասիրության դասական և ժամանակակից մեթոդները>> թեման: Նա նույնպես տեսապատկերներով  սեմինարի մասնակիցների ծանոթացրեց  Հայաստանի թռչնաշխարհի տեսակներին: Կարևորելով թռչունների էկոլոգիական, միջավայրապահպանության  անհրաժեշտությունը,առաջարկեց, հնարավորության սահմաններում, կազմակերպել թռչնադիտարկում:

<<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա>> հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Գասպարյանը նշեց, որ կազմակերպությունը բաց է երիտասարդների հիմնախնդիրներով մտահոգված անձանց և կազմակերպությունների համար,ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում նրանք  պատրաստ են համագործակցել նաև վարչության հետ: Վերջում  վարչության բնական ռեսուրսների կառավարման  գործակալության պետ Ֆելիքս Դալլաքյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բովանդակալից սեմինար կազմակերպելու կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք նպաստում են էկոկրթվածության և երիտասարդության շրջանում կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Հաջորդ օրը  երիտասարդ գիտնականները  դասախոսեցին  Արցախի Պետական համալսարանում: Ողջույնի խոսքում   Արսեն Գասպարյանը նշեց.

 - Մեր խնդիրն է այսօրվա ուսանողներին,վաղվա որոշում կայացնողներին, աջակցել, հնարավորություն ընձեռել մասնակցելու միջազգային ծրագրերին: Մենք փորձում ենք, -հավելեց նա, - արդյունավետ կերպով համախմբել կենսագիտության տարբեր ուղղություններով մասնագիտացող և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող երիտասարդ կենսաբաններին:

Այդ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար նա առաջարկեց Արցախում  ակումբ կամ էլ մասնաճյուղ բացել:Նույն օրը  Աստղաշեն գյուղում տեղադրվեց բրածո ծովաշուշանների մասին տեղեկատվական ցուցանակ:


Սեպտեմբերի 28-ին կազմակերպվեց գործնական գիտարշավ Հունոտի կիրճ՝ պետական պատմական արգելոց,որտեղ իրականացվեցին բույսերի,քարաքոսերի և թռչունների ուսումնասիրությունների մեթոդների կիրառում դաշտային պայմաններում:

Սեմինարների  ընթացքում ծավալված  քննարկումների  արդյունքում մասնակիցներն եկան ընդհանուր եզրակացության. յուրաքանչյուր խնդրի լուծման համար պահանջվում է  հիմնավոր գիտելիք,ակտիվ մասնակցություն, սրտացավություն և թիմային աշխատանք: