Սույն թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում դրված էր «ԱգրիԱրտ» ՍՊԸ կողմից ներկայացված վտանգավոր, մասնավորապես բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման գործունեության լիցենզիա և վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտի և կից ներկայացրած փաստաթղթերի քննարկումը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքներն ու պարտադիր կատարման ենթակա պահանջները:
«ԱգրիԱրտ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Ջավադյանը պատրաստակամություն հայտնեց ի գիտություն ընդունել դիտողություններն ու առաջարկությունները:
Ամփոփելով հանձնաժողովի անդամների հնչեցրած կարծիքները, լիցենզավորման հանձնաժողովն որոշեց «ԱգրիԱրտ» ՍՊԸ հայտը բավարարել, ընդգծելով ,որ բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման մշակույթի ներդրումը կարևոր քայլ է, քանի որ դրանք, հայտնվելով ընդհանուր աղբում, մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայի, մարդկանց կյանքի և առողջության համար:


Ս.թ. հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի հրամանով ստեղծված վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկայացվեց ԱՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման ընթացակարգը, ներկա վիճակը, քննարկվեց ԱՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու մասին <<ԱգրիԱրտ>> ՍՊԸ կողմից ներկայացրած հայտն ու կից փաստաթղթերը:
Մասնավորապես քննարկվեց բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման հարցը: Նշվեց,որ բժշկական թափոնները կարող են ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ և վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: Այս կարգի թափոնները կենսաբանական, ֆիզիկական, քիմիական վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր մասնակցում են թափոնների գործածության գործընթացին: Բացի այդ, վնասազերծման ոչ լիարժեք մեթոդները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել հանրային առողջության համար և աղտոտել շրջակա միջավայրը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ներդնել վտանգավոր թափոնների ,մասնավորապես բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման նոր համակարգ:
Բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման գործընթացն ու կիրառելիության ուսումնասիրության արդյունքներն ներկայացրեց <<ԱգրիԱրտ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Հայկ Ջավադյանը: Ներկայացվող սարքը նախատեսված է բժշկական թափոնների ջերմային վնասազերծման համար: Ջերմային վնասազերծումը, -հավելեց նա,- կատարվում է այրման խցում, այնուհետև գազերը տեղափոխվում են 2-րդ խուց,որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել 1300°С, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վնասազերծել թափոնը: Թափոնի պատշաճ վնասազերծման արդյունքում առաջացած թափոնը հեռացվում է որպես աղբ: Նշվեց, որ բժշկական հաստատությունից վտանգավոր բժշկական թափոնները հատուկ կահավորված ավտոմեքենաներով տեղափոխվում են թափոնների վնասազերցման կենտրոնական օբյեկտ, որտեղ թափոնների վնասազերծումն իրականացվում է հրկիզման վառարանում, որտեղ կիրառվում է բարձր ջերմային գործընթացը: Բժշկական թափոնները տեղափոխվում են փակ հատուկ տարաների կամ հաստ պատերով պարկերի մեջ հերմետիկ փակված և պիտակավորված վիճակում:
Արդյունքում հանձնաժողովի անդամներն որոշեցին ուսումնասիրել ներկայացված փաթեթն ու որոշում կայացնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստին :


Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմներն ուլտրամանուշակագույն ճառագայթների  կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար:
Օզոնի շերտի պահպանությունը սահմաններ չի ճանաչում և այս խնդրի վերացման շուրջ միմյանց հետ համագործակցում են աշխարհի 194 երկիր:Սա մի հիմնախնդիր է ,որը մտահոգում է ողջ մարդկությանը և յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա օզոնի շերտի պահպանության գործում: Այսօր՝ ինչպես ողջ աշխարհում , այնպես էլ Հայաստանում ու Արցախում այդ ուղղությամբ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում,կազմակերպվում են իրազեկման դասընթացներ :
Օրերս էլ «Արցախի Հանրապետության էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումների 2019թվականի ծրագրի» շրջանակներում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցների նախաձեռնությամբ օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ իրազեկման դասընթացներ անցկացվեցին: Նախաձեռնած միջոցառումների շարքը մեկնարկեց Բերձորի դպրոցներից: Իրազեկման միջոցառումներ անցկացվեցին նաև Կարմիր Շուկայի, Թաղավարդի և Ճարտարի դպրոցներում: Միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները՝ շեշտելով, որ մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը մարդկությանը սպառնացող բնապահպանական վտանգներից մեկն է: Աշակերտները մանրակրկիտ տեղեկություններ ստացան արևի բարերար ազդեցության, ջերմության անհրաժեշտության, ինչպես նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության մասին: Նրանք տեղեկացան ,որ օզոնային շերտի քայքայումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների,այդ թվում նաև մարդու կյանքը: Իմացան ,որ օզոնային շերտի քայքայման հետ կմեծանա մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը,այն կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման:
Պատկերավոր ներկայացվեցին նաև արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու բոլոր միջոցները, ցուցադրվեց ուսուցողական մուլտֆիլմ:
Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու մասին կանոններ պարունակող ծոցատետրեր:
Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կոլեկտիվներըը շնորհակալություն հայտնեցին նման հետաքրքիր, բովանդակալից և ուսուցողական միջոցառման համար,նշելով ,որ դրանք շատ կարևոր են աշակերտների էկոկրթական դաստիարակության գործում, քանի որ դպրոցում տրվող տեսական գիտելիքներից բացի անհրաժեշտ են իրազեկման- գործնական դասընթացներ՝ աշակերտներին բնության բաղադրիչներին,բնության մեջ վարվելակերպի կանոններին ծանոթացնելու համար:


ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆ.Գաբրիելյանի մոտ օրերս անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն:Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության, բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պատասխանատու աշխատողներն ու տարածքային տեսուչները: Խորհրդակցությունը նվիրված էր նախարարության պետական տեսչական մարմնի գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես բարձրացվել են որսի կանոնների խախտմամբ կատարվող որսի, սիրողական ձկնորսության հիմնախնդիրները, դրանց դեմ պետական տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ուժեղացման, ինչպես նաև որսի թույլտվությունների գործընթացի կանոնակարգմանն առնչվող հարցեր, ներկայացվել դրա դեմ պայքարի առաջարկներ, ինչպես նաև այն կանխելու նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցեր:
Լսելով բնապահպանական պետական տեսչության և տարածքային տեսուչների հաշվետվությունները՝ նախարարի տեղակալները ներկաների ուշադրությունը բևեռեցին վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը խթանող գործոնների վրա:
Վերջում Ֆ.Գաբրիելյանը նշեց, որ տեսչական որոշ գործառույթներ ոչ բավարար են իրականացվում և հանձնարարեց բոլոր ռեսուրսները ներդնել սեղմ ժամկետներում գործունեությունը լիարժեք կազմակերպելու և ապօրինի որսի ու ձկնորսության դեմ պայքարը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար:


Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է:
Կենդանիներն, ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում,  ունեն խնդիր՝ մարդու կողմից ոչ արժանապատիվ վերաբերմունքի և կյանքի սպառնալիքի մակարդակով:

Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված: Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ասիզյան Ֆրանցիսկի հիշատակի օրն է: Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին: Սուրբ, ում  երկրպագում են ամբողջ աշխարհում:

Գոյություն ունի Սուրբ Ֆրանցիսկի  անվան մրցանակ,որը  հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Շատ երկրներ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:Նման միջոցառումներ ամեն տարի կազմակերպում է նաև ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը:

Այս տարի էլ, օրվա կապակցությամբ, ԱՀ էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումների 2019թ. ծրագրի շրջանակներում, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցներն այցելեցին  Ասկերանի շրջանի Այգեստանի և Ասկերան քաղաքի  մանկապարտեզներ` երեխաների  հետ Պահպանե’նք կենդանիներին» խորագրով էկոկրթական իրազեկման դասընթաց անցկացնելու համար: Օրախնդիրը երեխաների մոտ բնապահպանական մտածելակերպի ձևավորումն ու շրջակա միջավայրի, մասնավորապես կենդանիների նկատմամբ  հոգատարության տարածումն ու  բնության հետ ներդաշնակ ապրելու կարողության փոխանցումն էր:Միջոցառման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ որոնք են վայրի կենդանիները, որոնք են ընտանի կենդանիները, կենդանիների նշանակությունը մարդու կյանքում: Պատկերազարդ նկարների միջոցով ներկայացվեց Արցախ աշխարհի կենդանական աշխարհը, այնուհետև ցուցադրվեց ուսուցողական մուլտֆիլմ՝ կենդանիների հետ վարվելու կանոնների մասին:

Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին կենդանիների նկարներով Ներկիր   ինքդ» գրքույկներ, գունավոր մատիտներ և վայրի կենդանիների պատկերներով ու «Հոկտեմբերի 4-ը՝ կենդանիների պաշտպանության համաշխարհային օր» գրառմամբ վերնաշապիկներ:


 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, հանքարդյունաբերությունն ավելի շատ թափոն է առաջացնում, քան որևէ այլ ոլորտ: Ուստի, մարդկանց առողջությանը սպառնացող վտանգից և երկարաժամկետ բնապահպանական ռիսկերից զերծ մնալու, հանքարդյունահանման տարածքներում ընդերքօգտագործման  թափոնների պատշաճ կառավարումն ապահովելու, ինչպես նաև լքված,կոնսերվացված  հանքավայրերի տարածքի և, հատկապես, շրջակա միջավայրի համար առավել վտանգավոր համարվող ընդերքօգտագործման թափոնների քանակի և վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ԱՀ  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից մշակվել  է Արցախի Հանրապետության տարածքի լքված,կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորիգի ծրագիր,որի շրջանակներում նախարարության համապատասխան աշխատանքային խմբի կողմից  իրականացվում  են տեղազննման երթուղիներ՝լքված,կոնսերվացված հանքավայրերի և ընդերքօգտագործման թափոնների հայտնաբերմանն ուղղված հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ ծրագրի նախատեսվում է  դիտայցեր Արցախի Հանրապետության բոլոր շրջանների համայնքների ուղղությամբ: Որպես առաջնային` նախատեսվում է կազմել օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտներին վերաբերվող տեղեկատվական բազա :

Առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 10 այց Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ` 21 համայնքի վարչական տարածքներ:

Կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են՝

Ասկերանի շրջան 8 ավազակոպճագլաքարային կոնսերվացված հանքավայրեր,

Մարտակերտի շրջան 4 ավազակոպճագլաքարային, 3 կրաքարային, մեկ հաբրո-պորֆիրիտ և մեկ քարածուխ, ընդամենը ՝9 հատ

Մարտունու  շրջան՝ 3 ավազակոպճագլաքարային, մեկ ոսկու, մեկ հաբրո-պորֆիրիտ և մեկ կրաքար, ընդամենը ՝ 6 հատ:

Աշխատանքների ընթացքում իրականացվել է նմուշառում Դրմբոնի երեք պաչամբարներից, Զարդանաշենի և Մաղավուզի հանքավայրերից:

Նմուշների անալիզը իրականացվել է Ապագա սերունդների հիմնադրամի երկրաբանական փորձարկման լաբորատորիայում, ռենտգենասպեկտորային մեթոդով:

Երկրորդ եռամասյակում  դաշտային ուսումնասիրություններ են իրականացվել Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 3 լքված տարածքներ և 3 փակված պոչամբարներ:

Ստացված տեղեկատվական բազայի ամփոփման արդյունքները թույլ են տալիս ամրագրել հետագա գործողությունների նախնական ընդհանրական ծրագիր, ինչը նպատակաուղղված պիտի լինի շրջակա միջավայրի և ազգաբնակչության առողջության և անվտանգության համար առավել վտանգավոր տեղամասերի սահմանազատմանը, դրանց տարածքներում ուսումնասիրությունների կատարմանը, բացասական ազդեցությունների չեզոքացմանն ու ռիսկերի հնարավորինս նվազեցմանը:

 


 

Սույն  թվականի մարտի 27-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարիN37-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱՀ կառավարության N 168-Ա (15 մարտի 2019թ.) որոշմամբ նախատեսված թվով 14 բնական հուշարձանների գույքագրման, պահպանման գոտիների սահմանների և անձնագրերի մշակման միջոցառումների ծրագրի իրականացման համար:

Աշխատանքներն իրականացվել են  Ասկերանի, Մարտակերտի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների տարբեր համայնքներում: Իրականացված աշխատանքի հիմնական նպատակը և խնդիրներն են եղել՝

 

ուսումնասիրել և ներկայացնել բնական հուշարձանների տեղադիրքը, տարածքների չափագրությունները, գույքագրել, քարտեզագրել, ստեղծել պահպանման գոտիներ:    Արդյունքում ստեղծել բնական հուշարձանների ամբողջական ցանց և կայուն տեղեկատվական բազա:

Կատարված դիտարկումների արդյունքում աշխատանքային խումբն առաջարկեց  քննարկել  հետևյալ բնական հուշարձանների ցանկից հանելու հարցը՝

  1. «Պեխի» աղբյուրը, քանի որ բնական ելքը տեղանքի բարեկարգման նպատակով խաթարված է և արհեստականորեն տեղափոխված այլ տեղ, որտեղ նրա փոխարեն կառուցված է բնության հուշարձանի չափանիշներին անհամապատասխան ձեռակերտ երկակ հուշաղբյուր, իսկ այդպիսի հուշաղբյուրներ հանրապետության տարածքում բազմաթիվ են:
  2. «Դիզակ» բնապատմական տարածքը, հաշվի առնելով նրա մեծ չափերը, դրանում ընդգրկված ձեռակերտ կառույցների առկայությունը և անհամապատասխանությունը բնության հուշարձանի չափանիշներին: Կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և համապատասխանության դեպքում «Դիզակ» բնապատմական տարածքին (Տողաձորին) տալ «Ազգային պարկի», «Արգելոցի» կամ «Արգելավայրի կարգավիճակ»:
  3. «Պատարայի գետահովիտ», Հաշվի առնելով «Պատարայի գետահովտի» (Կուսանաց բնապատմական տարածքի) մեծ չափերը, դրանում ընդգրկված ձեռակերտ կառույցների առկայությունը և անհամապատասխանությունը բնության հուշարձանի չափանիշներին: Կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և համապատասխանության դեպքում «Պատարայի գետահովտին» (Կուսանաց բնապատմական տարածքին) տալ «Ազգային պարկի», «Արգելոցի» կամ «Արգելավայրի» կարգավիճակ:

Միաժամանակ առաջարկվեց բնական հուշարձանների ցանկը համալրել    «Իծատանը տոն»քարանձավ, «Բլեն ծակ» քարանձավ, «Քարե տուն» քարանձավ, «Խրավանդի ջրվեժն» և «Շրշռանի ջրվեժն» բնության հուշարձաններով, կատարել համապատասխան ուսումնասիրություններ և հաստատման ներկայացնել բնության հուշարձանների անձնագրերը:

 


 

Ներկա դրությամբ  ԱՀ  տարածքում գործում են 26 հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավական լուրջ դերակատարում ունեն էներգետիկայի ոլորտում և հանդիսանում են կարևոր հայրենական արտադրանք տվող կառույցներ, որոնք, հատկապես հաշվի առնելով արտաքին քաղաքականության սպառնալիքներն ու վտանգները, հատուկ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար:

Սակայն ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները վերականգնելու հարցը  դարձել է հրատապ:  Ելնելով ԼՂՀ Ջրային օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ ՀՏԿ-ի վթարի հետևանքով առաջացող աղետները կանխելու նպատակով` արգելվում է ՀՏԿ-ն օգտագործման հանձնելը և օգտագործելը՝ առանց՝ պատվարներում և կարևորագույն հիդրոտեխնիկական այլ կառուցվածքներում հսկիչ-չափիչ սարքերի և նախագծով նախատեսված դիտակետերի ցանցի ներդրման և 32-րդ հոդվածի՝ ջրօգտագործման թույլտվության պահանջներից (ջրառի կետերն ապահովել ջրաչափական դիտակետով ու կատարել ջրառի հաշվառում) և հաշվի առնելով այն հանգամանքը,  որ  ջրօգտագործման թույլտվությամբ  տրամադրված և փաստացի օգտագործված ջրի ծավալի անհամապատասխանություններ են առաջանում ,ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հոսակորուստների կրճատման ցանկալի  արդյունքի  հասնելու նպատակով  նախատեսեց իրականացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր, որը հիմք կհանդիսանա  շտկելու ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական  ռեսուրսների վերականգնման  և ողջամիտ  օգտագործման պահանջները: ՓՀԷԿ-երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման համար «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ պայմանագիր է կնքվել: Համակարգն իրենից ներկայացնում է էներգետիկ ռեսուրսների հեռուստաչափական տվյալների դիտարկման և վերլուծության առցանց  բազմաօգտատերային համակարգ:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 19-ի N 164-Ա որոշմամբ հաստատված  «Արցախի  Հանրապետության  փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման  միջոցառումների 2019 թվականի ծրագիր»-ը, ս.թ. փետրվարի 4-ին մեր  նախարարությունը  հիդրոէլեկտրակայանների ներկայացուցիչների հետ համատեղ խորհրդակցություն հրավիրեց, որի ընթացքում տեղի ունեցավ Շահումյանի շրջանի  Լև-1 ՓՀԷԿ-ի   ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված  համակարգի տեղադրման և շահագործման ցուցադրում, այնուհետև «Locator-SCADA» մշտադիտարկման համակարգի  ներկայացում  և ցուցադրում: Արդյունքում որոշվեց, որ մշտադիտարկման համակարգի տեղադրման աշխատանքներն ընկերությունները պետք է իրականացնեն մինչև սույն թվականի մայիսի 31-ը: Այդ մասին գրությամբ տեղեկացրել ենք ընկերություններին  և միաժամանակ նշել, որ վերոնշված պահանջը չկատարելը հիմք կհանդիսանա, օրենսդրությամբ սահմանված կարգով, ջրօգտագործման  թույլտվությունը դադարեցնելու և առ  ոչինչ ճանաչելու համար:

Միաժամանակ՝ համաձայն  ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի 2019թ. փետրվարի 07-ի <<Փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների ջրաչափերի և մակարդակաչափերի առկայության ստուգման մասին>> N10  հրամանի՝ հունիսի 1-ից մինչև 14-ը բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում  պարզվել է, որ

-ջրաչափական սարքեր տեղադրվել են 12 ,մասնավորապես <<Կար Հաս>>ՍՊԸ Աղավնո-Կ,<<Իմաստ>>ՍՊԸ ՀԱԿ, <<Հիմնաքար>>ՓԲԸ Բերդիկ, <<ԱրցախՀԷԿ>>ԲԲԸ Թրղե1, Թրղե2, Թրղե3,  Թրղե4,  <<Տում ՀԷԿ>> ՍՊԸ Տում, <<Թարթառ Էներջի Ինվեստ>> ՍՊԸ Գետավան, <<Լև Էներջի>>ՍՊԸ Աղավնո, <<Վիսավտ>>ՍՊԸ Ջերմաջուր, <<Վիկինգ>>ՍՊԸ Սյունիք ՓՀԷԿ-երում.

– մակարդակաչափեր  տեղադրվել են 3 ,մասնավորապես՝ <<ԱրցախՀԷԿ>>ԲԲԸ Լև-1, <<Վիսավտ>>ՍՊԸ Ջերմաջուր, <<ԿարՀաս>>ՍՊԸ Աղավնո-Կ ՓՀԷԿ-երում.

-ջրաչափական սարքեր  չեն տեղադրվել 7, մասնավորապես՝  <<Իզոտոպ Դելտա>> ՍՊԸ Սյունիք-1, <<Պրոտոն>>ՓԲԸ  Սյունիք-2, <<Ալֆամագ>>ՓԲԸ  Սյունիք-3,  <<Նետրինո>>ՓԲԸ Սյունիք-4 , «Թարթառ էներջի» ՍՊԸ Լև-2, <<Մեգատոն>>ՓԲԸ Եղեգնուտ,  <<Լիմեստոն>> ՍՊԸ Եղեգնուտ-1 ՓՀԷԿ-երում:

Գործող 26 ՀԷԿ-երից ջրաչափեր և մակարդակաչափեր հնարավոր չէ տեղադրել <<ԱրցախՀԷԿ>> ԲԲԸ Սարսանգ ՀԷԿ-ում և Մատաղիս-1 ՓՀԷԿ-ում, քանի որ տեղակայված են պատվարին կից, Մատաղիս-2 ՓՀԷԿ տեղակայված է ջրանցքի վրա: Թրղե 1, Թրղե 2, Թրղե 3 ՓՀԷԿ-երի համար տեղադրված է մեկ ջրաչափ, քանի որ հանդիսանում են կասկադային հիդրոէլեկտրակայաններ և տեղակայված են մեկը մյուսի հետևից:

«Լև Էներջի» ՍՊԸ Աղավնո ՓՀԷԿ-ի վրա ջրաչափ չի տեղադրվել՝ ապակյա մանրաթելային խողովակների վրա ջրաչափի տեղադրման անհնարինության պատճառով:

<<Ծովինար-Նարեկ>>ՍՊԸ Ակունք ՓՀԷԿ-ի փոքր հզորության /0,055Մվտ/ պատճառով սարքերը չեն տեղադրվել:

*«Թարթառ Էներջի» ՍՊԸ Լև-2 ՓՀԷԿ-ը ունեն «Լոկատոր» ՓԲԸ հետ կնքված պայմանագիր,սակայն ՀԷԿ-ի  կողմից պատրաստ չլինելու պատճառով ջրաչափ չի տեղադրվել:

Ստուգումների արդյունքում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության  բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կողմից  ՓՀԷԿ-երի ներկայացուցիչները  ս.թ.  հուլիսի 8-ին հրավիրվել են հարուցված գործի քննությանը, բայց չեն ներկայացել:

Համաձայն ԼՂՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 275 և 276-րդ հոդվածների պահանջների, ս.թ. հուլիս 22-ին  ՓՀԷԿ-երի  ներկայացուցիչները նորից հրավիրվել են մասնակցելու վարչական գործի նյութերի քննությանը և միաժամանակ տեղեկացվել, որ չներկայանալու դեպքում վարչական գործի նյութերը քննության կառնվեն առանց նրանց մասնակցության:

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>ԼՂՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 632-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ու   բնապահպանական և պետական տեսչության 2019թ.հուլիսի 23-ի որոշման համաձայն՝ ջրաչափեր չտեղադրած 6 ՓՀԷԿ-եր  ենթարկվել են վարչական պատասխանատվության/Լև-2 ՓՀԷԿ- պայմանագրի ժամկետը լրանում է   օգոստոսին,այդ իսկ պատճառով դեռ  վարչական պատասխանատվության չի ենթարկվել /:

Ներկա դրությամբ քննարկման փուլում է գտնվում վերը նշված ջրաչափեր չտեղակայած 7 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները դադարեցնելու և առ  ոչինչ ճանաչելու հարցը,իսկ մակարդակաչափերի տեղադրման աշխատանքների ժամկետը  նախատեսվում է երկարաձգել մինչև օգոստոսի 31-ը /մինչև օգոստոս ամսում  գետերի ջրի քանակության շատացման պատճառով/:

 

 

Վարչական իրավախախտումների  վերաբերյալ   N30 որոշում

Վարչական իրավախախտումների   վերաբերյալ  N31 որոշում  

Վարչական իրավախախտումների վերաբերյալ    N32 որոշում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ    N33 որոշում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ     N34 որոշում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ     N35 որոշում


Արցախի հանրապետության կենսաբազմազանության համակարգում կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում   բնակչության սննդաբաժնում: Վերջին տարիներին տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո ջրային պաշարներն ու  ձկների գլխաքանակը կտրուկ նվազել են :Այդ իսկ պատճառով ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն էկոհամակարգի վերականգնման համար: Սակայն՝ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, միայն ձեռնարկված միջոցառումներով էկոհամակարգը չի կարող վերականգնվել: Դրա վերականգնման համար անհրաժեշտ են բնապահպանական խնդիրների լուծման, այդ թվում գետերում ձկնատեսակների բնական պաշարների վերականգնման  միջոցառումների իրականացում և այդ միջոցառումներին հասարակայնության լայն խավերի մասնակցություն:

Եվ օրերս   նման նախաձեռնությամբ բնապահպանական և ընդերքի պետական   տեսչությանը դիմեց  ծննդով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից, հայաստանաբնակ Վրեժ Օսիպյանը: Նրա նախաձեռնությամբ և տեսչության աջակցությամբ  Քաշաթաղի շրջանի Չորմանք համայքի տարածքով հոսող Վակունիս գետ բաց թողնվեց 5000  հատ իշխան,կարմրախայտ և սիգա տեսակի  մանրաձուկ:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նման նախաձեռնության համար և միշտ ողջունում է բնապահպանական խնդիրների լուծման  գործում  հասարակայնության լայն  խավերի ակտիվ մասնակցությունը:

 


 

Ս.թ. հունիսի 7-ին  ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության  մասնակցությամբ և Շահումյանի շրջանի Զուար համայնքի նախաձեռնությամբ  կազմակերպվել է  ԱՀ Շահումյանի շրջանի Թութխունի հանքային դաշտի տեղամասի պաշարների բաց եղանակով ոսկու հանքավայրի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների վերաբերյալ  և ազդակիր համայնքների, քաղաքացիների ու համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Հասարակական լսումները նվիրված էին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Թութխունի ցրոնային ոսկու հանքավայրի տեղամասի շահագործման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների քննարկմանը:

Հասարակական լսումների շրջանակում Զուար ազդակիր համայնքի և «Լեռ Զավ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների կողմից կազմակերպվեց շրջայց դեպի Շահումյանի շրջանի Թութխունի ցրոնային ոսկու հանքային տարածքի տեղամաս:

Շրջայցից հետո նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումները շարունակվեցին Շահումյանի շրջանի Զուար համայնքի տարածքում դպրոցի շենքի դահլիճում:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ                  Ա. Գասպարյանը ներկայացրեց հանքարդյունաբերության կարևորությունը Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ և կարևորեց պետության կողմից կատարվող հետևողականությունը հանքարդյունաբերական գործառույթներից բխող շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնները կանխարգելելու կամ նվազեցնելու նկատմամբ, որոնք բխում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»  Արցախի Հանրապետության օրենքի դրույթներից: Նա նշեց նաև, որ նախագծի իրականացման դեպքում հանքի շահագործման համար կստեղծվի ավելի քան 30 նոր աշխատատեղ, ինչպես նաև վերոնշյալ ընկերության և հանքի աշխատանքները կնպաստեն նոր ներդրումների հոսքին, բնակչության ներհոսքին տվյալ տարածաշրջանում:

Քննարկումներից հետ մասնակիցները եկան այն եզրահանգման, որ «Լեռ Զավ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ըն­կե­րու­թյան նախաձեռնած գործունեությունը անկասկած կբերի շրջանի, և առհասարակ, Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և հույս հայտնեցին, որ Շահումյանի շրջանի Թութխունի ոսկու հանքավայրի շահագործումը ընկերության կողմից կկազմակերպվի խիստ նախագծային լուծումների համաձայն, որոնք վնաս չեն բերի մարդու առողջությանը, շրջակա միջավայրի բուսական և կենդանական աշխարհին, հողային ծածկույթին, օդային ավազան արտանետումները կլինեն թույլատրելի սահմաններում և դրանք բոլորը կլինեն վերահսկելի: