Ժամանակակից աշխարհում  էկոլոգիական կրթությունն այն կարևոր հենասյուներից  է, որը կապահովի մարդկության հետագա զարգացումն ու առաջընթացը, ուստի էկոլոգիական սխալներ չանելու համար  մեր երեխաները  պետք է զինված լինեն անհրաժեշտ էկոլոգիական գիտելիքներով, նոր էկոլոգիական մտածողությամբ և այն պետք է ուղեկցի նրանց  զարգացման յուրաքանչյուր փուլում: Այդ իսկ նպատակով բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը էկոլոգիական կրթության և դաստիարակության  միջոցառումների ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացնում է էկոկրթական իրազեկման միջոցառումներ:

Ս.թ.  ապրիլի 1-ից 2-ը <<Էկոլոգիական կրթության և դաստիարակության 2019թ. միջոցառումների ծրագրի>> շրջանակներում ստեղծված  աշխատանքային խումբը  Մարտունու շրջանի  Նորշեն, Աշան և Ասկերանի շրջանի  Մադաթաշեն,Ջրաղացներ գյուղերի դպրոցներում կազմակերպեց <<Օգնենք թևավոր  բարեկամներին >> խորագրով էկոկրթական իրազեկման միջոցառում:

Այս տարի նախարարությանը աջակցելու պատրաստակամություն հայտնեցին <<ԵՄԱՈՒ>> հիմնադրամի <<Փայտամշակման արտադրությունների սարքավորումների  շահագործում և տեխնոլոգիա>> մասնագիտության 2-րդ կուրսի աշակերտները և նախարարության  պատվերով պատրաստեցին փայտյա թռչնաբներ երաշտահավերի համար, ինչն էլ օրինակ հանդիսացավ երեխաներին նմանատիպ թռչնաբներ պատրաստելու և թռչունների մասին հոգ տանելու համար:

Միջոցառումը սկսվեց  նախարարության մասնագետի  էկոկրթական ելույթով, որի շրջանակներում , հարց ու պատասխանի միջոցով,  քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ թռչնատեսակները, նրանց կազմվածքն ու վարքագիծը, կենսապայմաններն ու սովորությունները:

Միջոցառման ավարտին դպրոցների  տարածքների ծառերից կախվեցին թռչնաբները:  Աշակերտները խոստացան , որ պարբերաբար այցելելու և գրանցելու են, թե ինչպիսի թռչուններ են բնակեցվել թռչնաբներում, նաև արձանագրելու են նրանց ձագերի քանակը,միաժամանակ հոգ են տանելու նրանց մասին:

Ուսուցիչները կարևորեցին բնապահպանական ուղղվածություն ունեցող թեմաներով նման միջոցառումները և առաջարկեցին համագործակցել և համատեղ իրականացնել նմանատիպ միջոցառումներ, քանի որ դրանք էական նշանակություն ունեն աշակերտների էկոլոգիական կրթության և դաստիարակության համար :

Վերջում  նախարարության կողմից  դպրոցներին   նվիրվեցին թեմատիկ պաստառներ   և ծոցատետրեր:

Միջոցառումը  ճանաչողական բնույթ  էր կրում  և հնարավորություն տվեց  մի անգամ  ևս  մեր աշակերտներին  ցույց  տալ բնության  պահպանության անհրաժեշտությունը, նրանց գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ մարդը բնության զավակն է, ապրում է բնության  մեջ և  բնության միջոցներով, ուստի բնության անաղարտությունը, մանավանդ մեր օրերում , չի կարող  չմտահոգել նրանց:

 


Ս.թ. փետրվարի 23-ին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պետական տեսչության աշխատակիցների կողմից Քաշաթաղի շրջանի <<Բարթաս>>կոչվող տեղամասում բացահայտվել է ապօրինի որսի դեպք՝ որսված էր երեք վայրի այծյամ՝ մորթազերծված, կտրտված և մսի որոշ մասն էլ օգտագործված: Ապօրինի որս կատարած անձիք բացահայտված են: Հայտնաբերված է նաև հրազենը, որով կատարված է որսը:
Նյութերը կազմվել և ուղարկվել են ոստիկանություն:


ԱՀ բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը փետրվարի 13-ին հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում  ամփոփեց նախարարության 2018 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու ներկայացրեց 2019 թվականին նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:

Նախարարն իր ելույթում անդրադարձավ ոլորտի կարևոր խնդիրներին՝ իրավական ակտերի մշակմանը, էկոլոգիական խնդիրներին, ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների, ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման ոլորտներին, մասնավորապես նշելով, որ <<… բնապահպանության և բնօգտագործման ոլորտում 2018 թվականին իրականացվող քաղաքականությունն ուղղված էր շրջակա միջավայրի` մթնոլորտի,  ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանը կամ նվազեցմանը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանն ու վերականգնմանը>>:

<<Вестник>>-ի  լրագրող  Սեյրան Կարապետյանը բարձրացրեց թափոնների ներկա իրավիճակի խնդիրը  և հարցրեց,  արդյո՞ք ծրագիրը կծառայի իր նպատակին:

Նախարարը պատասխանեց, որ 2018թ. «ԱՀ տարածքի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության միջոցառումներ»-ի ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում, Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջանների տարածքներում ու գույքագրվել շուրջ 255 չարտոնագրված աղբավայր: 2019թ. նախատեսվում է շարունակել ուսումնասիրությունները Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի շրջանների համայնքներում՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի ընթացիկ վիճակը գնահատելու նպատակով:

Ծրագիրը,-հավելեց նախարարը,-շարունակական բնույթ է կրելու,ուսումնասիրություններ կկատարվեն մյուս շրջաններում  և հուսով ենք, որ շոշափելի արդյունքներ կունենանք:

<<Ազատ Արցախ>>թերթի թղթակցի այն հարցադրմանը, թե արդյո՞ք  հանքարդյունաբերությունը, մասնավորապես <<Բեյզ Մեթըլս>>ՓԲԸ-ը իր  գործունեությամբ՝ թե՛ բնապահպանական թե՛ առողջապահական  տեսանկյունից վտանգ չի  ներկայացնում, նախարարը պատասխանեց, որ, այո, մտահոգությունը տեղին է և այն, որ  հանքարդյունաբերության ոլորտն պետք է վերանայվի, միանշանակ է։

Մենք,-նշեց նախարարը,- պիտի շատ խնայողաբար օգտվենք մեր բնաշխարհի ընձեռած հնարավորությունից, այլ ոչ թե այն անխնա սպառենք՝ սերունդներին ոչինչ չթողնելով:

Անդրադարձ եղավ ՀԷԿ-երի ջրային պաշարների  վերահսկման հարցին, որին նախարարը պատասխանեց,որ ոլորտը կարգավորելու համար 2019թ. նախատեսվում է իրականացնել «ԱՀ ՓՀԷԿ-երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման» ծրագիր,  որի միջոցով կիրականացվի ջրառի և ՓՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման ծավալների ավտոմատ, առցանց հաշվառում՝ ապահովելով ընդհանրական կտրվածքով ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը, հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը:

<<Ստեփանակերտ>> թերթի թղթակիցն անդրադարձավ ջրի խնդրին և հարցրեց , թե ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ոլորտում: Նախարարը  պատասխանեց, որ սկսած 1988թ. ԱՀ տարածքում  մակերևութային ջրերի մոնիթորինգ չի կատարվել: 2018թ. «ԱՀ տարածքի մակերևութային ջրերի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացվել է մակերևութային ջրերի որակի ուսումնասիրություններ,  որի արդյունքում պարզվել է՝ գրեթե բոլոր գետային ավազաններում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցում են պղինձը, վանադիումը և ալյումինը:

2019թ. նախատեսվում է շարունակել ուսումնասիրությունները մակերևութային ջրերի 39 դիտակետերում:

2019թ. նախատեսվում է իրականացնել «ԱՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգ»-ի ծրագիր, որի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ:

Անդրադարձ եղավ անտառահատման , գայլերի և շնագայլերի  բազմացման հարցերին:

ԱՀ հեռուստատեսության լրագրողին հուզում էր այն հարցը, թե արդյոք Արցախը <<Կարմիր գիրք>>  ունի , թե չէ՞:

Այդ հարցը հաճախակի է մեր կողմից քննարկվում,-պատասխանեց նախարարը,- կառավարության որոշմամբ կենդանական աշխարհի և բուսական աշխարհի տեսակների ցանկը հաստատված է , մնում է վերանայվի և հրատարակվի:

Վերջում նախարար Ֆելիքս Գաբրիելյանը նշեց, որ 2019 թվականին կձեռնարկվեն համարժեք քայլեր բարձրացված  հիմնախնդիրներին համալիր լուծում տալու համար, ուղղակի պետք է   համատեղենք մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար:

 


Ջրային ռեսուրսները կարևորագույն դեր ունեն Արցախի Հանրապետության   հիդրոէներգետիկայի զարգացման համար:

Ներկա պահի դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում գործում է 21, կառուցման և նախագծային փուլերում են գտնվում 19 փոքր հիդրոէլեկտրակայաններ:

ՓՀԷԿ-երը ՝որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, մեծ դեր են խաղում տնտեսության զարգացման գործում :

Այդ ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտը կարգավորելու համար  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը նախատեսում է իրականացնել փոքր հիդրոէլեկտրակայանների  ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռի առավել ճշգրիտ տվյալներ ունենալ  ՓՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրի ծավալների մասին:

Եվ, քանի որ ՓՀԷԿ-երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման համար «Լոկատոր» ՓԲԸ-ը հասանելի են տեխնիկական  հագեցվածությունն ու մասնագիտական ունակությունները, նախարարությունն աջակցելու և «Locator-SCADA» մշտադիտարկման կենտրոնացված  համակարգ  ներդնելու առաջարկությամբ դիմեց այդ կազմակերպությանը:

 

Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերից մեկը ս.թ. փետրվարի 4-ին  ԱՀ  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից  իրականացրած ՓՀէկ-երի վրա ջրաչափական դիտակետերի տեղադրման շնորհանդես-ցուցադրումն էր   <<ԱրցախՀէկ>>ԲԲԸ   Շահումյանի  շրջանի  <<Լև-1>>ՓՀէկ-ում և կառավարության  նիստերի դահլիճում:

Նշենք,որ այդ համակարգն իրենից ներկայացնում է էներգետիկ ռեսուրսների հեռուստաչափական  տվյալների դիտարկման և վերլուծության առցանց  բազմաօգտատերային համակարգ: Նման համակարգ տեղադրված է և  հաջողությամբ աշխատում է ՀՀ  բազմաթիվ ՀԷԿ-երում:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը: Նա նշեց, որ ՓՀԷԿ-երն  ունեն ռազմավարական նշանակություն պետության էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման գործում:Եվ մենք,-հավելեց նախարարը,-ակնկալում ենք, որ ՓՀԷԿ-երի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդնումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ արդյունավետ,ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները՝ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները:

Իր ելույթի խոսքում նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը նշեց, որ այսօր մեր առաջնահերթ խնդիրը բնական ռեսուրսների ողջամիտ ու ռացիոնալ օգտագործումն է: Մենք շարժվում ենք օրենսդրության շրջանակներում՝տրամադրած ջրօգտագործման թույլտվության մեջ նշվում է, որ ջրառի կետերը պետք է ապահովվեն ջրաչափական դիտակետերով, ուստի ՀԷԿ-երն ունեն պարտականություններ,որոնց շրջանակներում էլ պետք է ծավալեն իրենց գործունեությունը…

«Լոկատոր» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ինովացիոն տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ Կարեն Գրիգորյանը ներկայացրեցին «Locator-SCADA» մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ֆունկցիոնալ հնարավորություններն ու առավելությունները: Նշվեց ,որ համակարգն աշխատում է բոլոր տարածված տվյալների հենքերի և օպերացիոն համակարգերի հետ, հանդիսանում է էներգետիկ ռեսուրսների տվյալների հավաքագրման ու  վերլուծության համալիր լուծում: Այն հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում դիտարկվող օբյեկտում տվյալ  պահին, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով որոշումներ կայացնել: Այն միաժամանակ թույլ է տալիս ունենալ անսահմանափակ քանակությամբ տեղեկատվական միավորներ մեկ օբյեկտի համար:

Այնուհետև  նախարարի կողմից տրվեց ցուցում՝ ջրաչափերի տեղադրման աշխատանքները պետք է  ավարտին հասցնել մինչև մայիսի 31-ը:

Վերջում եղան հարցադրումներ ու  քննարկումներ:Արդյունքում  բոլորն եկան ընդհանուր հայտարարի,որ պետք է միահամուռ ուժերով և համագործակցելով  պաշտպանել ու բարելավել շրջակա միջավայրը՝ հօգուտ ներկա և գալիք սերունդների:

 


Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել, որ նախարարության համար եղել է կարևորագույն և մեծածավալ ծրագրերի հստակ իրականացման և արդյունավետ գործունեության տարի: Աշխատանքի հանդեպ յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցման շնորհիվ այսօր մենք դրական տեղաշարժեր ենք արձանագրել նախարարության գործունեության բոլոր ոլորտներում:Վստահ ենք, որ 2019 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով,խոստումնալից ծրագրերով և շոշափելի արդյունքներով:
Թող որ 2019 թվականը Ձեզ բերի առողջություն, ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և բազում հաջողություններ: Թող Ձեր օջախներում մշտապես պահպանվեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը և թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք Նոր տարի:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների առթիվ` բոլորիդ մաղթում եմ ամենանվիրական իղձերի իրականացում, ընտանեկան բարօրություն,մեր երկրի սահմաններին`խաղաղություն:


 

Արցախի Հանրապետության տարածքում` կենսատեխնիկական միջոցառումների 2018թվականի ծրագրի շրջանակներում, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները «Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» և «Արցախանտառ» ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ  կազմակերպել են տեղազննման երթուղիներ` կերամաններ և աղուտներ տեղադրելու համար, նպատակ ունենալով անբարենպաստ եղանակային պայմանների` առատ ձյան և երկարատև տեղումների կամ  տեղումների  անհավասարաչափ բաշխվածության ժամանակաշրջանում կերային բազայի ապահովման միջոցով նպաստել վայրի կենդանիների գլխաքանակի կարգավորմանը, ինչպես նաև վայրի կենդանիների վրա շրջակա միջավայրի կարճաժամկետ բացասական գործոնների նվազեցմանը:

Ներկա պահին նախարարության աշխատակիցները կերամաններ, կերային հարթակներ  ու խոտկալներ են տեղադրում «Կաչաղակաբերդ» ազգային պարկի տարածքում:

 

 


Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հետամուտ է ամենատարբեր բնապահպանական խնդիրների շուրջ մասնագիտական քննարկումների, միջոցառումների կազմակերպմանը: Այդպիսի միջոցառումներից հերթականը <<Խազեր>> էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության առաջարկությամբ ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աջակցությամբ օրերս կազմակերպված կլոր-սեղան խորհրդաժողովն էր, որի նպատակն էր բարձրացնել իրազեկությունը կլիմայի փոփոխության հիմնախնդիրների մասին, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված գլոբալ ջանքերին Արցախին մասնակից անելը:
Խորհրդաժողովին մասնակցել էին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության ղեկավար կազմը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, շահագրգիռ պետական և մասնավոր սեկտորի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը:
<<Խազեր>> ՀԿ Նախագահ Ամալյա Համբարձումյանն իր ելույթում նշեց,որ իրենց
կազմակերպությունը, կարևորելով կլիմայի փոփոխության խնդիրը, որոշել է ինքն էլ իր ձայնը բարձրացնել կլիմայի փոփոխության մասին , որպեսզի համատեղ ուժերով պայքարի կլիմայական փոփոխության մեղմման ու արտանետումների նվազեցման համար: Այդ իսկ նպատակով մենք,- հավելեց նա,- շահագրգիռ (more…)


 

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 27-ին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Պետական նախարարը կարևորել է նախարարության դերը շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության իրականացման գործում՝ նշելով, որ տնտեսության զարգացմանը զուգահեռ մեծանում է բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների և ռիսկերի գնահատման ու կառավարման անհրաժեշտությունը: Նա մասնավորապես թվարկել է հիդրոէներգետիկայի, անտառտնտեսության, հանքագործական և վերամշակող արդյունաբերության ուղղությունները՝ ընդգծելով դրանցում գերատեսչության կողմից վերահսկողական և այլ գործառույթների իրականացման արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը: (more…)


Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում <<Անի Պլազա>> հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության ղեկավար կազմը,  Գործընկերության պատվիրակության անդամներ, նախարարությունների համապատասխան ոլորտները համակարգող փոխնախարարներ, միջազգային ծրագրերի ներկայացուցիչներ։ (more…)


ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանի      գլխավորած   պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարի և գերատեսչության գործընկերների հետ :
Նախարար Ֆելիքս Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով ԱՀ-ՀՀ համագործակցությունը բնապահպանության ոլորտում, հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ծրագրերի մեկնարկ կդառնա: (more…)