Բնության հուշարձանները բնության բացառիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց պահպանությունը բացառիկ կարևորության բնապահպանական, սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն հիմնախնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է ձեռնամուխ լինել դրանց տարածքների հստակեցման, չափագրման, սահմանների ճշգրտման, անձնագրավորման և արդյունավետ բնօգտագործման ծրագրերի իրականացման միջոցառումներին:
ԼՂՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի <<Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին>> N1053-ն որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկում ընդգրկված 88 հուշարձաններից ԱՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման միջոցառումների 2019 թվականի ծրագրի շրջանակներում կազմվել և հաստատվել են 14 բնության հուշարձանների անձնագրեր:
Բնության հուշարձանների պահպանության և ճանաչողության համար կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական ցուցանակների տեղադրումը:
Ս.թ.նոյեմբերի 8-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները <<Կանաչ Արցախ>>կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի ուսանողների հետ կազմակերպեցին էկոկրթական շրջայց: Շրջայցի ընթացքում իրականացվեցին տարածքի մաքրման աշխատանքներ և տեղադրվեցին <<Գանձակի ջրվեժ>> և<<Ծապին ձոր ջրվեժ>> բնության հուշարձանների ցուցանակները:


Ս.թ. հոկտեմբերի 30-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության մասնակցությամբ և <<Բեյզ Մեթըլս >> ՓԲԸ նախաձեռնությամբ կազմակերպվեցին Կաշենի լեռնահանքային կոմբինատի նոր պոչամբարի նախագծի շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության հասաարակական լսումներ ազդակիր համայնքների, քաղաքացիների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

<<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ  Կայուն զարգացման վարչության  պետ Վահրամ Ավագյանը  ներկայացրեց նախատեսվող գործունեության ընթացակարգն ու դրանից բխող բնապահպանական կարևոր լուծումները: Նա մասնավորապես նշեց, որ  շահագործվող պոչամբարի ծավալը գրեթե սպառվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նոր ծավալ՝ ֆաբրիկայի պոչերը պահեստավորելու համար: Նոր պոչամբարի տեղադրման հարթակի ընտրության նպատակով , -հավելեց նա,-2018 թ.Վարդաձոր և Կավարտ գետերի ջրբաժանների միջև ընկած ամբողջ՝ 4000 հա մակերեսով տարածքում իրականացվել են դաշտային ֆլորիստիկական, ֆաունիստիկական, հնագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև ուսումնասիրվել  են տարածքի հողերը՝ կատարվել է նմուշառում նրանց կազմը և քիմիական բաղադրությունն  որոշելու նպատակով և եկել այն եզրահանգման, որ ընտրված  հարթակն  օպտիմալ է ինչպես ինժեներա-տեխնիկական, այնպես էլ բնապահպանական տեսակետից:

Պատասխանելով ազդակիր համայնքների բնակիչներին մտահոգող հարցերին, բանախոսը նշեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի շրջակա միջավայրի վրա արտադրական գործընթացի ազդեցությունը լինի նվազագույն չափի, օգտագործվելու են ժամանակակից սարքավորումներ: Բարձրացվեց նաև ջրի աղտոտվածության հարցը: <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ  գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Իվանյանը նշեց, որ օգտագործվելու է ջրի փակ շրջանառություն՝ ջուրը պոչամբարից անցնելու  է պարզեցման լիճ, ապա պոմպով կրկին մղվելու  է ֆաբրիկա: Այսինքն, մոտ 30 տոկոսն է մաքուր ջուր վերցվելու, մնացած մասն անընդհատ պտտվելու է: Պոչամբարի տեղադրումն իրականացվելու  է հակաֆիլտրացիոն միջոցառումների կիրառմամբ, որը կբացառի պոչամբարի աղտոտված ջրերի ներծծումը և ստորերկրյա ջրերի հավանական աղտոտումը, կիրառվելու է միջազգային լավագույն փորձը, բնապահպանական և անվտանգության բարձր ստանդարտները:

<<Բեյզ Մեթըլս >>ՓԲԸ ներկայացուցիչները հավաստիացրին, որ նախատեսվող գործունեությունը  բացասական ազդեզություն չի ունենա  ազդակիր համայնքների վրա, ավելին, ստեղծվել է հիմնադրամ, որը հնարավորություն կտա բարելավել համայքների բնակչության սոցիալական վիճակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և համայնքների երիտասարդները կապահովվեն աշխատանքով:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը,  ներկայացնելով հանքարդյունաբերության կարևորությունը ԱՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ, միաժամանակ կարևորեց պետության կողմից կատարվող հետևողականությունը հանքարդյունաբերության գործառույթներից բխող շրջակա միջավայրի վրա ազդեցության  գործոնները կանխարգելելու կամ նվազեցնելու նկատմամբ, որոնք բխում են <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ԱՀ օրենքի դրույթներից:

Քննարկումներից հետո մասնակիցներն եկան այն եզրահանգման, որ իրոք, ընկերության գործունեությունը կբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, հույս հայտնելով, որ գործունեությունը կկազմակերպվի  խիստ նախագծային լուծումներին համաձայն և վնաս չեն բերի մարդու առողջությանը, հողային ծածկույթին և կլինեն թույլատրելի սահմաններում:

Հասարակական լսումների ավարտին  <<Բեյզ Մեթըլս>>ՓԲ ընկերության տեղակալ Սամվել Իվանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ կարծիքների  փոխանակման և արված առաջարկությունների համար, միաժամանակ պատրաստակամություն  հայտնեց անհրաժեշտության  դեպքում  կազմակերպել  նոր  քննարկումներ :


Ս.թ. հոկտեմբերի 25-ին  տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Արցախում  շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի ազդեցությանը: Քննարկումը նախաձեռնել էր ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆ.Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ<<…փոքր ՀԷԿ-երը  հատուկ ռազմավարական   նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար , սակայն ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ   գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները վերականգնելու հարցը դարձել է հրատապ, դրա համար մենք  հրավիրել ենք Ձեզ , որպեսզի վերլուծենք մեր մտահոգություններն ու հարցին լուծում տանք>>:

Այնուհետև նախարարի տեղակալ Ա.Գասպարյանը ներկայացրեց գործող և կառուցվող ՓՀԷԿ-երի  առկա իրավիճակն ու ջրաչափական  մշտադիտարկման  համակարգի տեղադրման ու շահագործման գործընթացը :

Խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Վ.Սաֆարյանը: Նա նշեց, որ <<նշված բացասական գործոններից  խուսափելու համար հանրապետությունում  ներկայումս  շատ  այժմեական է  նախկինում  գործող ջրաչափական ու օդերևութաբանական դիտակետերի և ցանցի վերականգնումը, առաջարկելով ջրաչափական դիտակետերի և օդերևութաբանական կայանների ցանց ստեղծել առաջին փուլում տնտեսապես ակտիվ յուրացվող տարածքներում, այն է՝Թարթառի,Կարկառի և Հակարու ավազաններում,  իսկ երկրորդ փուլում ընդգրկել ողջ տարածքը:

<<Փոքր ՀԷԿ-երի հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա>> և << Գետերի էկոլոգիական հոսքի և ՓՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտի վերահսկողությունը>> թեմաների շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին   բնական ռեսուրսների կառավարման և բնապահպանության քաղաքականության բաժնի պետ  Էլլադա Արամյանն  ու  բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ Սևակ Ստեփանյանը :

Քննարկումների ընթացքում նշվեց, որ ջրային հաշվեկշռի  բաղադրիչների մեծությունների փոփոխությունը կապված կլիմայի գլոբալ փոփոխության և մարդածին գործոնի, հատկապես ինտենսիվ  տեխնոգենեզի ազդեցության մեծացումն առաջ է բերում մակերևութային ջրերի փոփոխության գնահատման և մոնիթորիգի անհրաժեշտություն :Նախարար Ֆ.Գաբրիելյանը  նշեց, որ նախարարությունն արդեն երկու տարի շարունակ իրականացնում է Արցախի Հանրապետության մակերևութային  ջրերի մոնիթորինգ,մշտադիտարկումների միջոցով պարբերաբար կատարվում է մակերևութային  ջրերի էկոլոգո-երկրաքիմիական  առանձնահատկությունների գնահատում   և այդ տվյալների  հիման վրա  ձեռնարկվել ու ձեռնարկվում են միջոցառումներ աղտոտող նյութերի ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ,- հավելեց նախարարը,-ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ էկոհամակարգի պահպանությունն ու  հավասարակշռությունն ապահովելու համար մենք ձգտում ենք սահմանել ՀԷԿ-երի կառուցման և շահագործման այնպիսի չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում արդեն համապատասխան օրենսդրական դաշտ է ստեղծվել, որոնք վերացնում են շրջակա միջավայրի սպառնալիքներին առնչվող խնդիրները:

Կլոր սեղանի մասնակիցներն ողջունեցին նման ձևաչափի հանդիպումները և բարձրացրած հարցերը լուծելու նպատակով առաջարկեցին ստեղծել միասնական հարթակ, որտեղ կսահմանվեն համագործակցության ուղղությունները:

Ամփոփիչ խոսքում Ֆելիքս Գաբրիելյանը  շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նշեց.  « Մենք պատրաստ ենք բաց հանրային քննարկման,բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկություններ, քանի որ ցանկացած առաջարկություն բխում է բոլորիս նպատակներից ու շահերից »:


Սույն թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում դրված էր «ԱգրիԱրտ» ՍՊԸ կողմից ներկայացված վտանգավոր, մասնավորապես բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման գործունեության լիցենզիա և վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտի և կից ներկայացրած փաստաթղթերի քննարկումը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքներն ու պարտադիր կատարման ենթակա պահանջները:
«ԱգրիԱրտ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Ջավադյանը պատրաստակամություն հայտնեց ի գիտություն ընդունել դիտողություններն ու առաջարկությունները:
Ամփոփելով հանձնաժողովի անդամների հնչեցրած կարծիքները, լիցենզավորման հանձնաժողովն որոշեց «ԱգրիԱրտ» ՍՊԸ հայտը բավարարել, ընդգծելով ,որ բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման մշակույթի ներդրումը կարևոր քայլ է, քանի որ դրանք, հայտնվելով ընդհանուր աղբում, մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայի, մարդկանց կյանքի և առողջության համար:


Ս.թ. հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի հրամանով ստեղծված վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկայացվեց ԱՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման ընթացակարգը, ներկա վիճակը, քննարկվեց ԱՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու մասին <<ԱգրիԱրտ>> ՍՊԸ կողմից ներկայացրած հայտն ու կից փաստաթղթերը:
Մասնավորապես քննարկվեց բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման հարցը: Նշվեց,որ բժշկական թափոնները կարող են ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ և վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: Այս կարգի թափոնները կենսաբանական, ֆիզիկական, քիմիական վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր մասնակցում են թափոնների գործածության գործընթացին: Բացի այդ, վնասազերծման ոչ լիարժեք մեթոդները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել հանրային առողջության համար և աղտոտել շրջակա միջավայրը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ներդնել վտանգավոր թափոնների ,մասնավորապես բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման նոր համակարգ:
Բժշկական թափոնների փոխադրման և վնասազերծման գործընթացն ու կիրառելիության ուսումնասիրության արդյունքներն ներկայացրեց <<ԱգրիԱրտ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչ Հայկ Ջավադյանը: Ներկայացվող սարքը նախատեսված է բժշկական թափոնների ջերմային վնասազերծման համար: Ջերմային վնասազերծումը, -հավելեց նա,- կատարվում է այրման խցում, այնուհետև գազերը տեղափոխվում են 2-րդ խուց,որտեղ ջերմաստիճանը կարող է հասնել 1300°С, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վնասազերծել թափոնը: Թափոնի պատշաճ վնասազերծման արդյունքում առաջացած թափոնը հեռացվում է որպես աղբ: Նշվեց, որ բժշկական հաստատությունից վտանգավոր բժշկական թափոնները հատուկ կահավորված ավտոմեքենաներով տեղափոխվում են թափոնների վնասազերցման կենտրոնական օբյեկտ, որտեղ թափոնների վնասազերծումն իրականացվում է հրկիզման վառարանում, որտեղ կիրառվում է բարձր ջերմային գործընթացը: Բժշկական թափոնները տեղափոխվում են փակ հատուկ տարաների կամ հաստ պատերով պարկերի մեջ հերմետիկ փակված և պիտակավորված վիճակում:
Արդյունքում հանձնաժողովի անդամներն որոշեցին ուսումնասիրել ներկայացված փաթեթն ու որոշում կայացնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստին :


Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմներն ուլտրամանուշակագույն ճառագայթների  կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար:
Օզոնի շերտի պահպանությունը սահմաններ չի ճանաչում և այս խնդրի վերացման շուրջ միմյանց հետ համագործակցում են աշխարհի 194 երկիր:Սա մի հիմնախնդիր է ,որը մտահոգում է ողջ մարդկությանը և յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա օզոնի շերտի պահպանության գործում: Այսօր՝ ինչպես ողջ աշխարհում , այնպես էլ Հայաստանում ու Արցախում այդ ուղղությամբ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում,կազմակերպվում են իրազեկման դասընթացներ :
Օրերս էլ «Արցախի Հանրապետության էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումների 2019թվականի ծրագրի» շրջանակներում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցների նախաձեռնությամբ օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ իրազեկման դասընթացներ անցկացվեցին: Նախաձեռնած միջոցառումների շարքը մեկնարկեց Բերձորի դպրոցներից: Իրազեկման միջոցառումներ անցկացվեցին նաև Կարմիր Շուկայի, Թաղավարդի և Ճարտարի դպրոցներում: Միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները՝ շեշտելով, որ մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը մարդկությանը սպառնացող բնապահպանական վտանգներից մեկն է: Աշակերտները մանրակրկիտ տեղեկություններ ստացան արևի բարերար ազդեցության, ջերմության անհրաժեշտության, ինչպես նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության մասին: Նրանք տեղեկացան ,որ օզոնային շերտի քայքայումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների,այդ թվում նաև մարդու կյանքը: Իմացան ,որ օզոնային շերտի քայքայման հետ կմեծանա մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը,այն կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման:
Պատկերավոր ներկայացվեցին նաև արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու բոլոր միջոցները, ցուցադրվեց ուսուցողական մուլտֆիլմ:
Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու մասին կանոններ պարունակող ծոցատետրեր:
Դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կոլեկտիվներըը շնորհակալություն հայտնեցին նման հետաքրքիր, բովանդակալից և ուսուցողական միջոցառման համար,նշելով ,որ դրանք շատ կարևոր են աշակերտների էկոկրթական դաստիարակության գործում, քանի որ դպրոցում տրվող տեսական գիտելիքներից բացի անհրաժեշտ են իրազեկման- գործնական դասընթացներ՝ աշակերտներին բնության բաղադրիչներին,բնության մեջ վարվելակերպի կանոններին ծանոթացնելու համար:


ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆ.Գաբրիելյանի մոտ օրերս անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն:Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության, բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պատասխանատու աշխատողներն ու տարածքային տեսուչները: Խորհրդակցությունը նվիրված էր նախարարության պետական տեսչական մարմնի գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես բարձրացվել են որսի կանոնների խախտմամբ կատարվող որսի, սիրողական ձկնորսության հիմնախնդիրները, դրանց դեմ պետական տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ուժեղացման, ինչպես նաև որսի թույլտվությունների գործընթացի կանոնակարգմանն առնչվող հարցեր, ներկայացվել դրա դեմ պայքարի առաջարկներ, ինչպես նաև այն կանխելու նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցեր:
Լսելով բնապահպանական պետական տեսչության և տարածքային տեսուչների հաշվետվությունները՝ նախարարի տեղակալները ներկաների ուշադրությունը բևեռեցին վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը խթանող գործոնների վրա:
Վերջում Ֆ.Գաբրիելյանը նշեց, որ տեսչական որոշ գործառույթներ ոչ բավարար են իրականացվում և հանձնարարեց բոլոր ռեսուրսները ներդնել սեղմ ժամկետներում գործունեությունը լիարժեք կազմակերպելու և ապօրինի որսի ու ձկնորսության դեմ պայքարը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար:


Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է:
Կենդանիներն, ինչպես աշխարհի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում,  ունեն խնդիր՝ մարդու կողմից ոչ արժանապատիվ վերաբերմունքի և կյանքի սպառնալիքի մակարդակով:

Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված: Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ասիզյան Ֆրանցիսկի հիշատակի օրն է: Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին: Սուրբ, ում  երկրպագում են ամբողջ աշխարհում:

Գոյություն ունի Սուրբ Ֆրանցիսկի  անվան մրցանակ,որը  հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Շատ երկրներ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:Նման միջոցառումներ ամեն տարի կազմակերպում է նաև ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը:

Այս տարի էլ, օրվա կապակցությամբ, ԱՀ էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումների 2019թ. ծրագրի շրջանակներում, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցներն այցելեցին  Ասկերանի շրջանի Այգեստանի և Ասկերան քաղաքի  մանկապարտեզներ` երեխաների  հետ Պահպանե’նք կենդանիներին» խորագրով էկոկրթական իրազեկման դասընթաց անցկացնելու համար: Օրախնդիրը երեխաների մոտ բնապահպանական մտածելակերպի ձևավորումն ու շրջակա միջավայրի, մասնավորապես կենդանիների նկատմամբ  հոգատարության տարածումն ու  բնության հետ ներդաշնակ ապրելու կարողության փոխանցումն էր:Միջոցառման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ որոնք են վայրի կենդանիները, որոնք են ընտանի կենդանիները, կենդանիների նշանակությունը մարդու կյանքում: Պատկերազարդ նկարների միջոցով ներկայացվեց Արցախ աշխարհի կենդանական աշխարհը, այնուհետև ցուցադրվեց ուսուցողական մուլտֆիլմ՝ կենդանիների հետ վարվելու կանոնների մասին:

Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին կենդանիների նկարներով Ներկիր   ինքդ» գրքույկներ, գունավոր մատիտներ և վայրի կենդանիների պատկերներով ու «Հոկտեմբերի 4-ը՝ կենդանիների պաշտպանության համաշխարհային օր» գրառմամբ վերնաշապիկներ:


 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, հանքարդյունաբերությունն ավելի շատ թափոն է առաջացնում, քան որևէ այլ ոլորտ: Ուստի, մարդկանց առողջությանը սպառնացող վտանգից և երկարաժամկետ բնապահպանական ռիսկերից զերծ մնալու, հանքարդյունահանման տարածքներում ընդերքօգտագործման  թափոնների պատշաճ կառավարումն ապահովելու, ինչպես նաև լքված,կոնսերվացված  հանքավայրերի տարածքի և, հատկապես, շրջակա միջավայրի համար առավել վտանգավոր համարվող ընդերքօգտագործման թափոնների քանակի և վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ԱՀ  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից մշակվել  է Արցախի Հանրապետության տարածքի լքված,կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորիգի ծրագիր,որի շրջանակներում նախարարության համապատասխան աշխատանքային խմբի կողմից  իրականացվում  են տեղազննման երթուղիներ՝լքված,կոնսերվացված հանքավայրերի և ընդերքօգտագործման թափոնների հայտնաբերմանն ուղղված հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ ծրագրի նախատեսվում է  դիտայցեր Արցախի Հանրապետության բոլոր շրջանների համայնքների ուղղությամբ: Որպես առաջնային` նախատեսվում է կազմել օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտներին վերաբերվող տեղեկատվական բազա :

Առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 10 այց Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ` 21 համայնքի վարչական տարածքներ:

Կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են՝

Ասկերանի շրջան 8 ավազակոպճագլաքարային կոնսերվացված հանքավայրեր,

Մարտակերտի շրջան 4 ավազակոպճագլաքարային, 3 կրաքարային, մեկ հաբրո-պորֆիրիտ և մեկ քարածուխ, ընդամենը ՝9 հատ

Մարտունու  շրջան՝ 3 ավազակոպճագլաքարային, մեկ ոսկու, մեկ հաբրո-պորֆիրիտ և մեկ կրաքար, ընդամենը ՝ 6 հատ:

Աշխատանքների ընթացքում իրականացվել է նմուշառում Դրմբոնի երեք պաչամբարներից, Զարդանաշենի և Մաղավուզի հանքավայրերից:

Նմուշների անալիզը իրականացվել է Ապագա սերունդների հիմնադրամի երկրաբանական փորձարկման լաբորատորիայում, ռենտգենասպեկտորային մեթոդով:

Երկրորդ եռամասյակում  դաշտային ուսումնասիրություններ են իրականացվել Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 3 լքված տարածքներ և 3 փակված պոչամբարներ:

Ստացված տեղեկատվական բազայի ամփոփման արդյունքները թույլ են տալիս ամրագրել հետագա գործողությունների նախնական ընդհանրական ծրագիր, ինչը նպատակաուղղված պիտի լինի շրջակա միջավայրի և ազգաբնակչության առողջության և անվտանգության համար առավել վտանգավոր տեղամասերի սահմանազատմանը, դրանց տարածքներում ուսումնասիրությունների կատարմանը, բացասական ազդեցությունների չեզոքացմանն ու ռիսկերի հնարավորինս նվազեցմանը: