Ս.թ. հուլիսի 17-ին ԱՀ Մարտակերտի շրջանում, Կաշենի լեռնահանքային                      համալիրում ԱՀ բնապահպանության կոմիտեի և <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ նախաձեռնությամբ  կազմակերպվեցին Կաշենի լեռնահանքային համալիրի գործող պոչամբարի երկրորդ փուլի և պոչամբարի  պատվարին կից` դատարկ ապարի պահեստարանի նախագծերի վերաբերյալ հասարակական լսումներ` Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Վարդաձոր համայնքների ղեկավարների, համայնքների բնակիչների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Լսումների ընթացքում   բնութագրվեց պոչամբարի երկրորդ փուլի նախագիծը, ապա քննարկվեցին աշխատանքների ծավալը, աշխատանքները  սկսելու և ավարտելու ժամկետները: Նախատեսվող գործունեության շրջանակներում ի լրումն արդեն կառուցված 10 ջրընդունիչ աշտարակների` կառուցվելու է ևս 6 ջրընդունիչ աշտարակ: Գործող ջրընդունիչ հորին հարակից կառուցվելու է խյուսամղիչ պոմպակայան, իսկ բացահանքից դուրս բերվող  դատարկ ապարներն օգտագործվելու են պատվարի ամրաբեռնման համար:

 

 

Հասարակական լսումների ավարտին նախաձեռնող կողմերը շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին մասնակցության ու առաջարկությունների համար և պատրաստակամություն հայտնեցին լսելու և քննարկելու շահագրգիռ անձանց բոլոր կարծիքներն ու առաջարկությունները: