Հունիսի 26-ին Արցախի հանրային հեռուստատեսության <<Օրակարգ>> հեռուստածրագրի եթերի թեման բնապահպանության ոլորտն էր: Խոսվեց վերջին շրջանում Արցախի անտառներին պատուհասած վնասատուների մասին: Քննարմանը մասնակցեցին ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության ծառայության պետ Սուրեն Շենդյանը և <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Արմավիր Գևորգյանը: Քննարկման սկզբում նշվեց, որ երեք կառույցներն էլ զբաղվում են բույսերի պաշտպանության հարցերով ։Այնուհետև մանրամասնվեց յուրաքանչյուր կառույցի գործունեությունը` պարզելու կրկնվող գործառույթներ կան թե ոչ:
Արթուր Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ ԱՀ անտառների մասով պահպանությունը, պաշտպանությունը,վերարտադրությունն ու օգտագործումն առ այսօր իրականացնում էր ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը՝ նախարարության կազմում գտնվող <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի միջոցով:Արցախանտառ ՊՈԱԿ-ն ունի համապատասխան մասնագիտական, տեխնիկական հնարավորություններ այդ ամենն ապահովելու համար: ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը վերաձևավորվել է՝ դառնալով ԱՀ բնապահպանության կոմիտե, որի գործառույթների մեջ արդեն անտառի կառավարումն անցել է մեկ այլ կառույցի` ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Իսկ այն լիազորությունները, որոնք վերաբերում են բնապահպանական վերահսկողությանը մնում են ԱՀ բնապահպանության կոմիտեի հսկողության տակ:
Արմավիր Գևորգյանն, անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին, նշեց, որ <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի գործունեության մեջ ֆունկիցոնալ առումով ոչինչ չի փոխվել:
Այնուհետև Օրակարգի եթերում քննարկվեց անտառի վնասատուի` տարազույգ մետաքսագործի տարածվածության, խնդրի ու պայքարի հարցը: Արթուր Գաբրիելյանը խոսեց վարակված տարածքների չափի մասին, նշելով, որ <<Արցախանտառ>>ՊՈԱԿ-ի Հադրութի մասնաճյուղում` Տարնավազի անտառապետության անտառում, Քաշաթաղի մասնաճյուղում այն կազմում է մոտ 12000 հա:
Այդ տարածքներն ամբողջովին բռնկված չեն, կան բռնկված օջախներ, որոնց ուսումնասիրությունը դեռևս շարունակվում են` պատճառած վնասների և հետևանքների շուրջ: <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ը ձեռք է բերել անօդաչու սարքավորումներ, որոնցով նման դեպքերի համար ուսումնասիրություններ են տարվում,-իր խոսում նշեց Ա. Գաբրիելյանը:
Արմավիր Գևորգյանը խոսեց մինչև հուլիսի առաջին կես թիթեռների ձևավորման հարցի մասին, նշելով, որ վտանգավոր փուլն անցել է, քանի որ թրթուրների քիչ մասն է հարսնյակավորվում ու շարունակում զարգացումը:
Արթուր Գաբրիելյանը խոսեց նաև վնասատու միջատի համար բնակլիմայական բարենպաստ պայմաններ ստեղծված 1988 և 2012 թվականների մասին, որի պատճառով նույնպես եղել են բռնկված օջախներ, իսկ դրանց հաջորդող տարիներին կատարվել են ուսումնասիրություններ և պարզվել է, որ անտառի ծառերի մոտ եղել է նորմալ աճ ու բնափայտի որակի վրա նույպես բացասական ազդեցություն չի եղել:
Հաջորդ տարվա համար անելիքները շատ են այս առումով, ամեն բռնկված օջախ նշված է քարտեզում, մի փոքր փոփոխության դեպքում կձեռնարկենք համապատասխան քայլեր,-ասաց Արմավիր Գևորգյանը, միաժամանակ նշելով, որ հետագայի համար պայքարի միակ միջոց համարում է ուղղաթիռով տարվող քիմիական միջամտությունը:
Օրակարգի եթերում խոսվեց նաև բնության տված հնարավորություններից օգտվելու ու միաժամանակ բնությանը վնաս չհասցնելու թեմայի շուրջ, իսկ այն, որ հիմա հասարակությունն ավելի զգոն է, ուշադիր, դա ակնհայտ է: