Ինչպես գիտենք, Արցախի Հանրապետության կառավարությունը, ընդառաջելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման հետ կապված հանրության շրջանում ծագած մտահոգություններին, 2020թ. փետրվարի 4-ին ձևավորել էր մասնագիտական հանձնաժողով, որն իր մեկ ամսվա աշխատանքն ամփոփել էր համապատասխան արձանագրության մեջ:Ստորև ներկայացվում է արձանագրությունը՝

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Արցախի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա             ՓՀԷԿ-երի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի

 

 

28 փետրվարի 2020թ.                                                                 ք.Ստեփանակերտ

 

 

Արցախի Հանրապետությունում ՓՀԷԿ-երի ուսումնասիրության հիմնական նպատակն է՝ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել Արցախի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ՓՀԷԿ-երի համալիր ազդեցությունը, ՓՀԷԿ-երի գործունեության՝ բնապահպանական օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանությունը և ոլորտի բարելավման, այդ թվում արդյունավետ մշտադիտարկմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

ԱՀ պետական նախարարի հրամանով ստեղծվել է Արցախի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ՀԷԿ-երի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով հետևյալ կազմով՝

 

Ալեքսանդր Գասպարյան ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի համանախագահ)
Վիլեն Սաֆարյան ԱՀ ԱԺ պատգամավոր (հանձնաժողովի համանախագահ)
Արմեն Թովմասյան ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Անդրեյ Մուսայելյան ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ
Արամ Գրիգորյան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ
Հովհաննես Պողոսյան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի վարման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Արծրուն Թամրազյան «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Էլեկտրոէներգիայի հաշվառման համալիրների սպասարկման բաժնի պետ
Կարեն Համբարձումյան «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ավագ ճարտարագետ
Թորգոմ Մադոյան Էներգետիկայի, շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության ոլորտի մասնագետ, ԱՊՀ վաստակավոր էներգետիկ
Բենյամին Զաքարյան Աշխարհագրական գիտությունների թեկնածու, հիդրոլոգիայի գծով միջազգային փորձագետ
Արմեն Աղայան Հասարակական ներկայացուցիչ
Տիգրան Կյուրեղյան Հասարակական ներկայացուցիչ
Արեգ Հարությունյան Հասարակական ներկայացուցիչ

 

Հանձնաժողովի խնդիրներն են՝

1.Գնահատել շրջակա միջավայրի վրա Շահումյանի շրջանում կառուցվող (ներկայումս շինարարությունը կասեցված) ՓՀԷԿ-երի և դրանց, արդեն իսկ գործող ՓՀԷԿ-երի հետ միասին, հավաքական գործունեության հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, ինչպես նաև դրանց նախագծման և կառուցման համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին:

2.Գնահատել շրջակա միջավայրի վրա Շահումյանի շրջանում գործող ՓՀԷԿ-երի և դրանց, կառուցվող (ներկայումս շինարարությունը կասեցված) ՓՀԷԿ-երի հետ միասին, հավաքական գործունեության հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստույգությունը, այդ հետևանքների նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ:

3.Գնահատել Շահումյանի շրջանում գործող ՓՀԷԿ-երի կառուցման և գործունեության համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին:

4.Հնարավորության դեպքում ուսումնասիրել և գնահատել  Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններում շահագործվող ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և դրա վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ՓՀԷԿ-երի կառուցման և ընթացիկ գործունեության համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին:

5.Հնարավորության դեպքում ուսումնասիրել նախ Շահումյանի, իսկ հետո նաև մյուս շրջաններում խոշոր գետերի ավազանների հիդրոէներգետիկ ներուժը և ներկայացնել առաջարկություններ ոլորտի զարգացման տեսլականի, առաջնահերթությունների և սահմանափակումների վերաբերյալ:

6.Ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը կազմում է եզրակացություն, որում պետք է ներառվեն ՓՀԷԿ-երի կառուցման, շահագործման (գործող ՓՀԷԿ-երի մասով) և նախատեսվող գործունեության (կառուցվող ՓՀԷԿ-երի մասով)՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության, բնապահպանական օրենսդրության պահանջների հնարավոր խախտումների, դրանց պատճառների մասին ամփոփ տեղեկություններ, ինչպես նաև ոլորտի բարելավման և ի հայտ եկած բացասական հետևանքների վերացման մասին առաջարկություններ:

7.Հանձնաժողովը աշխատանքներն իրականացնում է հրապարակայնության և թափանցիկության սկզբունքների հիման վրա՝ պահպանելով գաղտնի տեղեկություններին ներկայացվող օրենսդրության պահանջները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ստանալ ՓՀԷԿ-֊երի հետ կապված ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև հրապարակել այն, բացառությամբ գաղտնիք պարունակող տեղեկությունների։

Հանձնաժողովի կողմից 03.02.-08.02.2020թ. ժամանակահատվածում ուսումնասիրություններ են իրականացվել Շահումյանի շրջանում՝ կառուցվող (ներկայումս շինարարությունը կասեցված) և գործող ՓՀԷԿ-երի հավաքական գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով:

17.02.-28.02.2020թ. հանձնաժողովն ուսումնասիրել է ՓՀԷԿ-երի վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո շարունակել է աշխատանքները Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների ՓՀԷԿ-երի տարածքներում։

Հանձնաժողովն ուսումնասիրել է ՓՀԷԿ-երի լիցենզիաների և թույլտվությունների հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, ծանոթացել է գործող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերին:

ԼՂՀ կառավարության 2008թ. մայիսի 13-ի N362 որոշմամբ հաստատվել է  «ԼՂՀ ջրային պաշարների յուրացում» հանրապետական նպատակային ծրագիրը, որի նպատակն է էլեկտրաէներգետիկայի ոլորտի զարգացումը՝ Արցախի Հանրապետության էներգետիկ անկախությունը և ազգային անվտանգությունն ապահովումն է:

Ծրագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով անցնող գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների համակարգի կառուցում և հետագա շահագործում կանխատեսելով ստանալ 350 մլն կվտ էլեկտրաէներգիա:

Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում գործում է 1 ՀԷԿ (Սարսանգ ՀԷԿ) միջին հզորությամբ, 31 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 184,936 կվտ ընդհանուր հզորությամբ,  կառուցման փուլում է գտնվում 12 ՓՀԷԿ՝ 51,05 կվտ, ինչպես նաև նախատեսված է ևս 4 ՓՀԷԿ-ի կառուցում՝ 16,4 կվտ հզորությամբ:

ՓՀԷԿ-երի առկայությունը և շահագործումն անխուսափելի է, սակայն պետք է պահպանվեն բնապահպանական բոլոր պահանջները և իրականացվեն հսկողության և վերահսկողության հնարավոր միջոցառումները։ Պետք է հասկանալ, որ նման ձևով էլեկտրաէներգիայի արտադրությունը համարվում է բնությանը առավել քիչ վնաս հասցնող ձևերից մեկը։

Առաջադրված խնդիրը նեղ բնապահպանական չափանիշներով դիտարկելը չի կարող բերել ստեղծված իրավիճակի լիարժեք և ճիշտ գնահատականին։ Հարցին անհրաժեշտ է մոտենալ համալիր, հաշվի առնելով բնապահպանական, էներգետիկ, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական բաղադրիչները։ Անհրաժեշտ է լավագույնս կիրառել տնտեսվարողի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը, ինչը պետք է որ նպաստի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակեցմանը։

2018-2019թթ. ընթացքում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից կատարվել են բավականին աշխատանքներ ՓՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրի քանակի և գետերում ջրի քանակի որոշման, էկոլոգիական թողքի հաշվարկման ուղղությամբ:

Բնապահպանական վերահսկողության մասով ՓՀԷԿ-երի գործունեությունը կարգավորելու նպատակով ԱՀ կառավարության 2019 թվականի մարտի 15-ի «Արցախի Հանրապետության փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման միջոցառումների 2019 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N164-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ներդրվել է «Locator-SCADA» մշտադիտարկման կենտրոնացված համակարգ, որն իրենից ներկայացնում է էներգետիկ ռեսուրսների հեռուստաչափական տվյալների (ճնշում, հոսք, մակարդակ և այլն) դիտարկման և վերլուծության առցանց բազմաօգտատերային համակարգ:

Նշված ծրագրի շրջանակներում ջրաչափական սարքեր ներկա դրությամբ տեղադրված են 25 ջրաչափ և 21 հատ մակարդակաչափ:

Չարաշահումներն ու խախտումները վերացնելու, ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների ոլորտը շտկելու նպատակով ԱՀ ջրային օրենսգրքում կատարվում են փոփոխություններ և լրացումներ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունավետ իրականացման նպատակով նախարարության կազմում 2020 թվականին ստեղծվել է «Բնապահպանական փորձաքննություն և լաբորատոր հետազոտություն» ՊՈԱԿ-ը:

Նախարարության բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կողմից ՓՀԷԿ-երում կատարվում են ամենամսյա պլանային ստուգումներ՝ էկոլոգիական թողքերը վերահսկելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում ՓՀԷԿ-երում ձկնանցարանները համապատասխանեցվել են ձկանցարանի կառուցմանը ներկայացվող պահանջներին: «Կայծաղբյուր-2» ՓՀԷԿ-ի պատվարում ձկնանցարանը կառուցված է նոր տիրոլի մեթոդով:

Սակայն դրական արդյունքների հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերջին 40 տարիների ընթացքում չի իրականացվել գետերում ջրի քանակական մոնիթորինգ, բացառությամբ 2 ջրաօդերևութաբանական կայանների, վերականգնված չեն նախկին  ջրաօդերևութաբանական դիտարման համակարգը:

Թարթառ գետի հոսքի վերլուծության և գնահատման արդյունքը ցույց է տալիս, որ վերջին 40 տարվա ընթացքում տեղի է ունեցել գետային հոսքի նվազում 7-10 %-ով:

Հիմք ընդունելով վերջին 40 տարվա Թարթառ գետի հոսքի նվազման տենդենցը կարելի է եզրակացնել, որ Արցախի Հանրապետության մյուս գետերում նույնպես տեղի է ունեցել գետային հոսքի նվազում:

Աղավնո և Հոչանց գետերի ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով կազմում է 40% ավելի, իսկ գետերի հունի միջով անցնող ՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների հատվածները խախտում են գետերի հունային և հիդրոլոգիական պրոցեսները:

Որոշ գետերի ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների ռեկուլտիվացիոն աշխատանքները թերի են իրականացվել, ինչի արդյունքում հնարավոր չէ ձախ ափից գետին մոտենալ, ինչպես նաև գետերի հունը  չի մաքրվել շինարարության ընթացքում հատված ծառերից:

Հանձնաժողովը նպատակահարմար է գտնում առանձնացնել հետևյալ կարևոր առաջնահերթությունները.

  1. Արցախի Հանրապետության ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների լուծման համար առաջնահերթ անհրաժեշտ է.

Կազմել ջրավազանային կառավարման պլաններ, ԱՀ տարանջատելով ջրավազանային կառավարման տարածքների՝ համաձայն ԱՀ ջրային օրենսգրքի: Ջրավազանային կառավարման պլանները կազմել 1.5 տարվա ընթացքում սկսած 2020թ.-ի 4-րդ եռամսյակից,

Կազմել կառավարման պլանների բովանդակությունը և հաստատել ԱՀ կառավարության որոշմամբ՝ 2020թ –ի առաջին կիսամյակին:

Ջրային ռեսուսների արդյունավետ կառավարման և օգտագործման համար առաջնահերթ անհրաժեշտ է ԱՀ-ում նախկին ջրաօդերևութաբանական ցանցը վերականգնել: Ջրաօդերևութաբանական ցանցը վերականգնումը սկսել 2020թ.-ին և աշխատանքները իրականացնել 1 տարվա ընթացքում:

 

  1. Հաշվի առնելով վերջին 40 տարվա ընթացքում գետային հոսքի նվազումը անհրաժաեշտ է ԱՀ գետերի և նրա վտակների վրա գտնվող բոլոր գործող և կառուցվող ՓՀԷԿ-երի թույլտվություններում 2 ամսվա ընթացքում վերանայել հիդրոլոգիական տվյալները հաշվի առնելով գետային հոսքի նվազումը՝ մինչև 10%։

 

  1. Մինչև ջրավազանային կառավարման պլանների ընդունումը 3-ամսյա ընթացքում վերանայել կառուցվող ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ հաշվի առնելով նոր ընդունված օրենսդրության պահանջները և գետերի հոսքի վերաբերյալ ներկա փաստական տվյալները:

 

  1. Արցախի Հանրապետության գործող, կառուցվող և նախագծվող ՓՀԷԿ-երի գետերում էկոլոգիական (բնապահպանական) հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում անհրաժեշտ է.

գետի հունի ամբողջապես ՓՀԷԿ –ի ջրընդունիչի պատվարի  ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ և օնլայն մակադակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը, որի հասանելիությունը կապահովի լիազոր մարմնին։

  1. ԱՀ գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը համարվում են իրար անմիջական հաջորդող, գետերի որոշակի հատվածներում հոսում է միայն էկոլոգիական հոսքը, իսկ տվյալ գետահատածքում գետերը ծանրաբեռնված են: Ջրավազանային կառավարման  պլանների ընդունելուց հետո վերանայել բոլոր ջրօգտագործման թույլտվությունները: