Ս.թ. փետրվարի 19-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Կաշենի լեռնահանքային կոմբինատում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության և <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ նախաձեռնությամբ կազմակերպվեցին ԱՀ Մարտակերտի շրջանի Կաշենի լեռնահանքային համալիրի շահագործման աշխատանքային նախագծի փոփոխության, այդ թվում` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած պաշարների ներառում արևմտյան տեղամասի շահագործման նախագծում, հիմնական բացահանքի շահագործական պարամետրերի և լցակույտային տնտեսության պարամետրերի օպտիմալացման վերաբերյալ հասարակական լսումներ` Ծաղկաշեն, Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Վարդաձոր համայնքների ղեկավարների, համայնքների բնակիչների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ տնօրենի տեղակալ Զ. Ծատրյանը` ներկայացնելով կատարված աշխատանքները, իսկ <<Բելզ Մեթըլս>> ՓԲԸ կայուն զարգացման վարչության պետ Վ. Ավագյանը անդրադառնալով թեմային, նշեց, որ օրենսդրությունն այս ոլորտը կարգավորում է այնպես, որ փորձաքննության ենթակա նախագծի յուրաքանչյուր փոփոխություն իր հերթին ենթակա է փորձաքննության: Եթե փոփոխվում է աշխատանքային նախագիծը,ապա այդ փոփոխությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում է միայն փորձաքննվելով ու հասարակական լսումներ իրականացնելուց հետո,- ասաց Վ. Ավագյանը և հերթականությամբ նշեց աշխատաքային նախագծում ենթադրվող ու ակնկալվող բոլոր փոփոխությունները:
Ծաղկաշեն, Ճանկաթաղ, Ներքին Հոռաթաղ, Վարդաձոր համայնքների ղեկավարները բարձրացրեցին Արևմտյան տեղամասում ընդգրկված համայնքերի քանակին, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից իրականացվող ստուգումների տարածքներին, տարեկան քանակին ու հաճախականությանը վերաբերող հարցեր:
Հարց ու պատասխանի տեսքով քննարկվեցին վերը նշված հարցերը, իսկ << Բնապահպանական փորձաքննություն և լաբորատոր հետազոտություն>> ՊՈԱԿ տնօրեն Կ. Թովմասյանն անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող ստուգումներին և նշեց, որ ստուգումներն իրականացվում են բացահանքի և հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում, բաց ջրավազաններում, պոչամբարների տարածքներում` տարին մեկ անգամ և ամենամսյա հաճախականությամբ:
Հասարակական լսումների ավարտին նախաձեռնող կողմերը շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին մասնակցության ու առաջարկությունների համար և պատրաստակամություն հայտնեցին լսելու և քննարկելու այլ կազմակերպությունների ու շահագրգիռ անձանց բոլոր կարծիքներն ու առաջարկությունները: