Սույն թվականի նոյեմբերի 14-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության և <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ նախաձեռնությամբ կազմակերպվեցին Դրմբոնի արտադրական համալիրի հանքերի և ֆաբրիկաների կոնսերվացման, ռեկուլտիվացման և դրանց հենքի վրա նոր արտադրությունների կազմակերպման ծրագրերի քննարկումներ` ազդակիր համայնքների ղեկավարների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բացման  խոսքով հանդես եկավ  <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ  տնօրեն Արթուր Մկրտումյանը: Նա  մասնավորապես նշեց,որ Դրմբոնի արտադրական համալիրի մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ուղղությամբ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցման և համալիրի փակման ծրագրի շրջանակներում իրականացվել են ստորգետնյա հանքի ու բացահանքի, լցափակման տեղամասի կոնսերվացման, բացահանքի ռեկուլտիվացման, տարածքների բարեկարգման, պոչամբարների ռեկուլտիվացման, բարեկարգման, հարստացուցիչ ֆաբրիկաների արտադրական սարքավորումների, այլևս չօգտագործվող էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների և չօգտագործվող այլ օժանդակ կառույցների ապամոնտաժման, դրանց տարածքների բարեկարգման աշխատանքներ:

Պատասխանելով նախարարության աշխատակիցներին հուզող հարցերին, նա նշեց, որ օգտագործվում են ժամանակակից սարքավորումներ և  արվում է ամեն ինչ, որպեսզի շրջակա միջավայրի վրա գործընթացի ազդեցությունը լինի նվազագույն չափի: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանի հարցին,  թե ինչպիսին էին կատարված մոնիթորինգի արդյունքները,  Ա. Մկրտումյանը մեկ առ մեկ ներկայացրեց  բոլոր արդյունքները:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը խոսեց կատարված աշխատանքների  և պետության կողմից կատարվող հետևողականության կարևորության մասին` ԱՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնները կանխարգելելու կամ նվազեցնելու համար:

Ամփոփիչ խոսքում <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ  տնօրեն Արթուր Մկրտումյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` հարցերի և  կարծիքների համար, միաժամանակ նշեց, որ նմանատիպ քննարկումները կկազմակերպվեն  ավելի հաճախակի  և ընդգծեց,որ  ընկերությունը պատրաստ է և բաց լսելու, ընդունելու ողջամիտ առաջարկություններ:

Քննարկման վերջում բոլոր ներկաները շրջայց կատարեցին Դրմբոնի արտադրական համալիրի հանքերի և ֆաբրիկաների կոնսերվացման, ռեկուլտիվացման և դրանց հենքի վրա նոր արտադրությունների կազմակերպման վայրերում և քարի արտադրամասում: