Բնության հուշարձանները բնության բացառիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց պահպանությունը բացառիկ կարևորության բնապահպանական, սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն հիմնախնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է ձեռնամուխ լինել դրանց տարածքների հստակեցման, չափագրման, սահմանների ճշգրտման, անձնագրավորման և արդյունավետ բնօգտագործման ծրագրերի իրականացման միջոցառումներին:
ԼՂՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 30-ի <<Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին>> N1053-ն որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկում ընդգրկված 88 հուշարձաններից ԱՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման միջոցառումների 2019 թվականի ծրագրի շրջանակներում կազմվել և հաստատվել են 14 բնության հուշարձանների անձնագրեր:
Բնության հուշարձանների պահպանության և ճանաչողության համար կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվական ցուցանակների տեղադրումը:
Ս.թ.նոյեմբերի 8-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները <<Կանաչ Արցախ>>կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի ուսանողների հետ կազմակերպեցին էկոկրթական շրջայց: Շրջայցի ընթացքում իրականացվեցին տարածքի մաքրման աշխատանքներ և տեղադրվեցին <<Գանձակի ջրվեժ>> և<<Ծապին ձոր ջրվեժ>> բնության հուշարձանների ցուցանակները: