Ս.թ. հոկտեմբերի 30-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության մասնակցությամբ և <<Բեյզ Մեթըլս >> ՓԲԸ նախաձեռնությամբ կազմակերպվեցին Կաշենի լեռնահանքային կոմբինատի նոր պոչամբարի նախագծի շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության հասաարակական լսումներ ազդակիր համայնքների, քաղաքացիների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

<<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ  Կայուն զարգացման վարչության  պետ Վահրամ Ավագյանը  ներկայացրեց նախատեսվող գործունեության ընթացակարգն ու դրանից բխող բնապահպանական կարևոր լուծումները: Նա մասնավորապես նշեց, որ  շահագործվող պոչամբարի ծավալը գրեթե սպառվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նոր ծավալ՝ ֆաբրիկայի պոչերը պահեստավորելու համար: Նոր պոչամբարի տեղադրման հարթակի ընտրության նպատակով , -հավելեց նա,-2018 թ.Վարդաձոր և Կավարտ գետերի ջրբաժանների միջև ընկած ամբողջ՝ 4000 հա մակերեսով տարածքում իրականացվել են դաշտային ֆլորիստիկական, ֆաունիստիկական, հնագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև ուսումնասիրվել  են տարածքի հողերը՝ կատարվել է նմուշառում նրանց կազմը և քիմիական բաղադրությունն  որոշելու նպատակով և եկել այն եզրահանգման, որ ընտրված  հարթակն  օպտիմալ է ինչպես ինժեներա-տեխնիկական, այնպես էլ բնապահպանական տեսակետից:

Պատասխանելով ազդակիր համայնքների բնակիչներին մտահոգող հարցերին, բանախոսը նշեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի շրջակա միջավայրի վրա արտադրական գործընթացի ազդեցությունը լինի նվազագույն չափի, օգտագործվելու են ժամանակակից սարքավորումներ: Բարձրացվեց նաև ջրի աղտոտվածության հարցը: <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ  գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Իվանյանը նշեց, որ օգտագործվելու է ջրի փակ շրջանառություն՝ ջուրը պոչամբարից անցնելու  է պարզեցման լիճ, ապա պոմպով կրկին մղվելու  է ֆաբրիկա: Այսինքն, մոտ 30 տոկոսն է մաքուր ջուր վերցվելու, մնացած մասն անընդհատ պտտվելու է: Պոչամբարի տեղադրումն իրականացվելու  է հակաֆիլտրացիոն միջոցառումների կիրառմամբ, որը կբացառի պոչամբարի աղտոտված ջրերի ներծծումը և ստորերկրյա ջրերի հավանական աղտոտումը, կիրառվելու է միջազգային լավագույն փորձը, բնապահպանական և անվտանգության բարձր ստանդարտները:

<<Բեյզ Մեթըլս >>ՓԲԸ ներկայացուցիչները հավաստիացրին, որ նախատեսվող գործունեությունը  բացասական ազդեզություն չի ունենա  ազդակիր համայնքների վրա, ավելին, ստեղծվել է հիմնադրամ, որը հնարավորություն կտա բարելավել համայքների բնակչության սոցիալական վիճակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և համայնքների երիտասարդները կապահովվեն աշխատանքով:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը,  ներկայացնելով հանքարդյունաբերության կարևորությունը ԱՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ, միաժամանակ կարևորեց պետության կողմից կատարվող հետևողականությունը հանքարդյունաբերության գործառույթներից բխող շրջակա միջավայրի վրա ազդեցության  գործոնները կանխարգելելու կամ նվազեցնելու նկատմամբ, որոնք բխում են <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ԱՀ օրենքի դրույթներից:

Քննարկումներից հետո մասնակիցներն եկան այն եզրահանգման, որ իրոք, ընկերության գործունեությունը կբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, հույս հայտնելով, որ գործունեությունը կկազմակերպվի  խիստ նախագծային լուծումներին համաձայն և վնաս չեն բերի մարդու առողջությանը, հողային ծածկույթին և կլինեն թույլատրելի սահմաններում:

Հասարակական լսումների ավարտին  <<Բեյզ Մեթըլս>>ՓԲ ընկերության տեղակալ Սամվել Իվանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ կարծիքների  փոխանակման և արված առաջարկությունների համար, միաժամանակ պատրաստակամություն  հայտնեց անհրաժեշտության  դեպքում  կազմակերպել  նոր  քննարկումներ :