Ս.թ. հոկտեմբերի 25-ին  տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Արցախում  շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի ազդեցությանը: Քննարկումը նախաձեռնել էր ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆ.Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ<<…փոքր ՀԷԿ-երը  հատուկ ռազմավարական   նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար , սակայն ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ   գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները վերականգնելու հարցը դարձել է հրատապ, դրա համար մենք  հրավիրել ենք Ձեզ , որպեսզի վերլուծենք մեր մտահոգություններն ու հարցին լուծում տանք>>:

Այնուհետև նախարարի տեղակալ Ա.Գասպարյանը ներկայացրեց գործող և կառուցվող ՓՀԷԿ-երի  առկա իրավիճակն ու ջրաչափական  մշտադիտարկման  համակարգի տեղադրման ու շահագործման գործընթացը :

Խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Վ.Սաֆարյանը: Նա նշեց, որ <<նշված բացասական գործոններից  խուսափելու համար հանրապետությունում  ներկայումս  շատ  այժմեական է  նախկինում  գործող ջրաչափական ու օդերևութաբանական դիտակետերի և ցանցի վերականգնումը, առաջարկելով ջրաչափական դիտակետերի և օդերևութաբանական կայանների ցանց ստեղծել առաջին փուլում տնտեսապես ակտիվ յուրացվող տարածքներում, այն է՝Թարթառի,Կարկառի և Հակարու ավազաններում,  իսկ երկրորդ փուլում ընդգրկել ողջ տարածքը:

<<Փոքր ՀԷԿ-երի հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա>> և << Գետերի էկոլոգիական հոսքի և ՓՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտի վերահսկողությունը>> թեմաների շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին   բնական ռեսուրսների կառավարման և բնապահպանության քաղաքականության բաժնի պետ  Էլլադա Արամյանն  ու  բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ Սևակ Ստեփանյանը :

Քննարկումների ընթացքում նշվեց, որ ջրային հաշվեկշռի  բաղադրիչների մեծությունների փոփոխությունը կապված կլիմայի գլոբալ փոփոխության և մարդածին գործոնի, հատկապես ինտենսիվ  տեխնոգենեզի ազդեցության մեծացումն առաջ է բերում մակերևութային ջրերի փոփոխության գնահատման և մոնիթորիգի անհրաժեշտություն :Նախարար Ֆ.Գաբրիելյանը  նշեց, որ նախարարությունն արդեն երկու տարի շարունակ իրականացնում է Արցախի Հանրապետության մակերևութային  ջրերի մոնիթորինգ,մշտադիտարկումների միջոցով պարբերաբար կատարվում է մակերևութային  ջրերի էկոլոգո-երկրաքիմիական  առանձնահատկությունների գնահատում   և այդ տվյալների  հիման վրա  ձեռնարկվել ու ձեռնարկվում են միջոցառումներ աղտոտող նյութերի ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ,- հավելեց նախարարը,-ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ էկոհամակարգի պահպանությունն ու  հավասարակշռությունն ապահովելու համար մենք ձգտում ենք սահմանել ՀԷԿ-երի կառուցման և շահագործման այնպիսի չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:

Փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում արդեն համապատասխան օրենսդրական դաշտ է ստեղծվել, որոնք վերացնում են շրջակա միջավայրի սպառնալիքներին առնչվող խնդիրները:

Կլոր սեղանի մասնակիցներն ողջունեցին նման ձևաչափի հանդիպումները և բարձրացրած հարցերը լուծելու նպատակով առաջարկեցին ստեղծել միասնական հարթակ, որտեղ կսահմանվեն համագործակցության ուղղությունները:

Ամփոփիչ խոսքում Ֆելիքս Գաբրիելյանը  շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նշեց.  « Մենք պատրաստ ենք բաց հանրային քննարկման,բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկություններ, քանի որ ցանկացած առաջարկություն բխում է բոլորիս նպատակներից ու շահերից »: