Արցախի հանրապետության կենսաբազմազանության համակարգում կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում   բնակչության սննդաբաժնում: Վերջին տարիներին տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո ջրային պաշարներն ու  ձկների գլխաքանակը կտրուկ նվազել են :Այդ իսկ պատճառով ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն էկոհամակարգի վերականգնման համար: Սակայն՝ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, միայն ձեռնարկված միջոցառումներով էկոհամակարգը չի կարող վերականգնվել: Դրա վերականգնման համար անհրաժեշտ են բնապահպանական խնդիրների լուծման, այդ թվում գետերում ձկնատեսակների բնական պաշարների վերականգնման  միջոցառումների իրականացում և այդ միջոցառումներին հասարակայնության լայն խավերի մասնակցություն:

Եվ օրերս   նման նախաձեռնությամբ բնապահպանական և ընդերքի պետական   տեսչությանը դիմեց  ծննդով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից, հայաստանաբնակ Վրեժ Օսիպյանը: Նրա նախաձեռնությամբ և տեսչության աջակցությամբ  Քաշաթաղի շրջանի Չորմանք համայքի տարածքով հոսող Վակունիս գետ բաց թողնվեց 5000  հատ իշխան,կարմրախայտ և սիգա տեսակի  մանրաձուկ:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նման նախաձեռնության համար և միշտ ողջունում է բնապահպանական խնդիրների լուծման  գործում  հասարակայնության լայն  խավերի ակտիվ մասնակցությունը: