Ս.թ. հունիսի 7-ին  ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության  մասնակցությամբ և Շահումյանի շրջանի Զուար համայնքի նախաձեռնությամբ  կազմակերպվել է  ԱՀ Շահումյանի շրջանի Թութխունի հանքային դաշտի տեղամասի պաշարների բաց եղանակով ոսկու հանքավայրի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների վերաբերյալ  և ազդակիր համայնքների, քաղաքացիների ու համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Հասարակական լսումները նվիրված էին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Թութխունի ցրոնային ոսկու հանքավայրի տեղամասի շահագործման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների քննարկմանը:

Հասարակական լսումների շրջանակում Զուար ազդակիր համայնքի և «Լեռ Զավ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների կողմից կազմակերպվեց շրջայց դեպի Շահումյանի շրջանի Թութխունի ցրոնային ոսկու հանքային տարածքի տեղամաս:

Շրջայցից հետո նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումները շարունակվեցին Շահումյանի շրջանի Զուար համայնքի տարածքում դպրոցի շենքի դահլիճում:

ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ                  Ա. Գասպարյանը ներկայացրեց հանքարդյունաբերության կարևորությունը Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ և կարևորեց պետության կողմից կատարվող հետևողականությունը հանքարդյունաբերական գործառույթներից բխող շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնները կանխարգելելու կամ նվազեցնելու նկատմամբ, որոնք բխում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»  Արցախի Հանրապետության օրենքի դրույթներից: Նա նշեց նաև, որ նախագծի իրականացման դեպքում հանքի շահագործման համար կստեղծվի ավելի քան 30 նոր աշխատատեղ, ինչպես նաև վերոնշյալ ընկերության և հանքի աշխատանքները կնպաստեն նոր ներդրումների հոսքին, բնակչության ներհոսքին տվյալ տարածաշրջանում:

Քննարկումներից հետ մասնակիցները եկան այն եզրահանգման, որ «Լեռ Զավ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ըն­կե­րու­թյան նախաձեռնած գործունեությունը անկասկած կբերի շրջանի, և առհասարակ, Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և հույս հայտնեցին, որ Շահումյանի շրջանի Թութխունի ոսկու հանքավայրի շահագործումը ընկերության կողմից կկազմակերպվի խիստ նախագծային լուծումների համաձայն, որոնք վնաս չեն բերի մարդու առողջությանը, շրջակա միջավայրի բուսական և կենդանական աշխարհին, հողային ծածկույթին, օդային ավազան արտանետումները կլինեն թույլատրելի սահմաններում և դրանք բոլորը կլինեն վերահսկելի: