Օրերս բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Թութխունի հանքային դաշտի Մորուտի և Կեչուտի տեղամասերի պաշարների բաց և ստորգետնյա եղանակներով
ոսկի-բազմամետաղային հանքավայրի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների և ազդակիր համայնքների, քաղաքացիների ու համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ :
Հասարակական լսումների շրջանակում Զուար ազդակիր համայնքի ղեկավարի և «ԿԱ ՄԻՆԵՐԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների կողմից կազմակերպվեց շրջայց դեպի Կեչուտի և Մորուտի հանքային տարածքի, լցակույտերի և այլ ենթակառուցվածքների տեղաբաշխման տեղամասեր, որտեղ քննարկվեցին հանքավայրի շահագործման ընթացքում ձևավորվող նոր բացհանքի եզրագծերի, հանքաքահարստացման ֆաբրիկայի, մակաբացման աշխատանքների արդյունքում առաջացող դատարկ ապարների և հան-քաքարի հարստացման արդյունքում ստացվող պոչերի տեղաբաշխման, խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացման) լուծումների հետ կապված մի շարք հարցեր:
Շրջայցից հետո նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումները շարունակվեցին Շահումյանի շրջանի Զուար համայնքի տարածքում:
«ԿԱ ՄԻՆԵՐԱԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ինժեներ-երկրաբան Գ.Գևորգյանը ներկայացրեց Շահումյանի շրջանի Թութխունի ոսկի բազմամետաղային հանքավայրի նախատեսվող գործունեության նախագծային և դրանից բխող բնապահպանական լուծումները, այդ թվում, նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների նվազեցման, որոշ գործոնների բացառման պայմանները, ուսումնասիրության եղանակները և այլ մանրամասեր:
Միաժամանակ նշվեց,որ նախագծային լուծմամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեությունը կսկսվի ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո:
Ազդակիր համայնքների ղեկավարներ Ս. Չիլինգարյանը, Ա. Մելքոնյանը իրենց ելույթներում նշեցին, որ Շահումյանի շրջանի Թութխունի ոսկի-բազմամետաղային հանքավայրի Կեչուտի և Մորուտի տեղամասերի նախատեսվող գործունեության նախագծի իրագործմամբ էականորեն կբարելավվի իրենց ղեկավարության ներքո գտնվող համայնքների բնակչության սոցիալական վիճակը, քանի որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, որոնցում կներգրավվեն գերազանցապես շրջանի բնակիչները:
Հասարակական լսումների ավարտին «ԿԱ Միներալս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին լսումների մասնակիցներին՝ մասնակցության, կարծիքների փոխանակման և արված
առաջարկությունների համար, միաժամանակ պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում նույնպես ընդունելու և քննարկելու շահագրգիռ անձանց, ոլորտի մասնագետների և այլ կազմակերպությունների բոլոր կարծիքներն ու առաջարկությունները:
Հասարակական լսումների մասնակիցները, սկզբունքորեն չառարկելով Թութխունի հանքավայրի Կեչուտի և Մորուտի տեղամասերի նախագծի իրականացմանը ,որոշեցին
հավանություն տալ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Թութխունի ոսկի-բազմամետաղային հանքավայրի Կեչուտի և Մորուտի տեղամասերի շահագործման հետ կապված նախագծին և հույս հայտնեցին, որ նախատեսված բոլոր բնապահպանական միջոցառումները կիրականացվեն: