Աղբահանությունը խնդիր է շատ երկրների համար, նույնիսկ՝ զարգացած։ Թեև շատ երկրներ արժանահիշատակ արդյունքի հասել են ոլորտում։ Խոսքն այս պահին կոշտ կենցաղային թափոնների և դրանց կառավարման մասին է։
Դեռ 2018 թվականին <<Արցախի Հանրապետության տարածքի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության միջոցառումների 2018 թվականի ծրագրի>> շրջանակներում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրականացվել են ուսումնասիրութուններ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջանների համայնքների հարակից տարածքներում, որոնց արդյունքում պարզվել է, որ ոլորտում գոյություն ունեն բազմաթիվ թերություններ ու խնդիրներ՝ թափոնները կուտակվում են անվերահսկելի և տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող աղբավայրերում, գրեթե բոլոր ջրային օբյեկտներն աղտոտված են կենցաղային աղբով, զերծ չեն նաև անտառային և մնացած տարածքները, աղբավայրերը քարտեզագրված չեն, նրանց սահմանները հստակ չեն, աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալներն ու բաղադրությունը հայտնի չեն, աղբավայրերի մեծ մասն որոշակի առանձնացված տարածքներ են, որտեղ որևէ կառավարում չի իրականացվում կամ իրականացվում է խիստ սահմանափակ ծավալով կամ ոչ բավարար որակով, արձանագրվել են 254 չարտոնագրված աղբավայրեր: Արդյունքում՝ ստեղծվել է մարդու և բնության համար անբարենպաստ միջավայր։ Բնականաբար այս ամենն իր բացասական ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի անվտանգության վրա:
Վերոնշյալ նկատառումներից ելնելով որոշվեց շարունակել ուսումնասիրությունները և մշակվեց <<Արցախի Հանրապետության տարածքի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության միջոցառումների 2019 թվականի ծրագիր>>-ը,ըստ որի նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների տարածքներում: Նախատեսվում է 95 դիտայց 142 համայնքների ուղղությամբ, ինչի հիման վրա հետագայում կմշակվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընդհանուր ռազմավարություն :
Օրերս, ծրագրի շրջանակներում , նախարարության համապատասխան աշխատանքային խումբն եղավ Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Քոլատակ, Թբղլու, Կիչան,Նոր Ղազանչի,Նոր Սեյսուլան և Հովտաշեն գյուղերում՝ տեղում իրականացվող աղբահանության ծառայության ներկայիս իրավիճակը գնահատելու և չարտոնագրված աղբավայրերը գույքագրելու նպատակով: