Ժամանակակից աշխարհում  էկոլոգիական կրթությունն այն կարևոր հենասյուներից  է, որը կապահովի մարդկության հետագա զարգացումն ու առաջընթացը, ուստի էկոլոգիական սխալներ չանելու համար  մեր երեխաները  պետք է զինված լինեն անհրաժեշտ էկոլոգիական գիտելիքներով, նոր էկոլոգիական մտածողությամբ և այն պետք է ուղեկցի նրանց  զարգացման յուրաքանչյուր փուլում: Այդ իսկ նպատակով բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը էկոլոգիական կրթության և դաստիարակության  միջոցառումների ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացնում է էկոկրթական իրազեկման միջոցառումներ:

Ս.թ.  ապրիլի 1-ից 2-ը <<Էկոլոգիական կրթության և դաստիարակության 2019թ. միջոցառումների ծրագրի>> շրջանակներում ստեղծված  աշխատանքային խումբը  Մարտունու շրջանի  Նորշեն, Աշան և Ասկերանի շրջանի  Մադաթաշեն,Ջրաղացներ գյուղերի դպրոցներում կազմակերպեց <<Օգնենք թևավոր  բարեկամներին >> խորագրով էկոկրթական իրազեկման միջոցառում:

Այս տարի նախարարությանը աջակցելու պատրաստակամություն հայտնեցին <<ԵՄԱՈՒ>> հիմնադրամի <<Փայտամշակման արտադրությունների սարքավորումների  շահագործում և տեխնոլոգիա>> մասնագիտության 2-րդ կուրսի աշակերտները և նախարարության  պատվերով պատրաստեցին փայտյա թռչնաբներ երաշտահավերի համար, ինչն էլ օրինակ հանդիսացավ երեխաներին նմանատիպ թռչնաբներ պատրաստելու և թռչունների մասին հոգ տանելու համար:

Միջոցառումը սկսվեց  նախարարության մասնագետի  էկոկրթական ելույթով, որի շրջանակներում , հարց ու պատասխանի միջոցով,  քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ թռչնատեսակները, նրանց կազմվածքն ու վարքագիծը, կենսապայմաններն ու սովորությունները:

Միջոցառման ավարտին դպրոցների  տարածքների ծառերից կախվեցին թռչնաբները:  Աշակերտները խոստացան , որ պարբերաբար այցելելու և գրանցելու են, թե ինչպիսի թռչուններ են բնակեցվել թռչնաբներում, նաև արձանագրելու են նրանց ձագերի քանակը,միաժամանակ հոգ են տանելու նրանց մասին:

Ուսուցիչները կարևորեցին բնապահպանական ուղղվածություն ունեցող թեմաներով նման միջոցառումները և առաջարկեցին համագործակցել և համատեղ իրականացնել նմանատիպ միջոցառումներ, քանի որ դրանք էական նշանակություն ունեն աշակերտների էկոլոգիական կրթության և դաստիարակության համար :

Վերջում  նախարարության կողմից  դպրոցներին   նվիրվեցին թեմատիկ պաստառներ   և ծոցատետրեր:

Միջոցառումը  ճանաչողական բնույթ  էր կրում  և հնարավորություն տվեց  մի անգամ  ևս  մեր աշակերտներին  ցույց  տալ բնության  պահպանության անհրաժեշտությունը, նրանց գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ մարդը բնության զավակն է, ապրում է բնության  մեջ և  բնության միջոցներով, ուստի բնության անաղարտությունը, մանավանդ մեր օրերում , չի կարող  չմտահոգել նրանց: